հայերեն русский english
Փնտրել
 





Իրադարձությունների տարեգրություն 1921-1941թթ.

1 9 2 1 թ.
Փետրվարի 5 - Հայաստանի Ռազմա-հեղափոխական կոմիտեի դեկրետով հանձնարարվեց ՀՍԽՀ լուսավորության ժողկոմատին վերակազմել Էջմիածնի կուլտուր-կրթական հաստատությունների (մատենադարան, թանգարան, տպարան և այլն) ցանցը և Էջմիածնում հիմնել կուլտուր-պատմական գիտական ինստիտուտ։
Հունիսի 8 - ՀՍԽՀ Ժողկոմսովետը որոշեց լուսավորության ժողկոմատին առընթեր հիմնադրել Հայաստանի հեղափոխության թանգարանը, նրա վրա դնելով «հեղափոխական շարժումների հիշատակարանները կորստից փրկելու և մասսաների հեղափոխական դաստիարակության միջոց դարձնելու պարտականությունը»։ Որոշման 2-րդ հոդվածին համապատասխան, թանգարանը պարտավոր էր հավաքել ու կենտրոնացնել հանրապետության սահմաններում (և նրանից դուրս) գտնվող ու հայ ժողովրդի պատմությանն առնչվող ոչ միայն պատմական հիշատակարաններն ու վավերագրերը, այլև հեղափոխական բրոշյուրները, գրքերը, պարբերականները, կոչերը, թռուցիկները, ինչպես նաև անտիպ գրվածքներ, նամակներ, ժողովների ու համագումարների արձանագրություններ, բանաձևեր և այլն, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանում հեղափոխական շարժումների, կուսակցությունների, տարբեր հասարակական հոսանքների ու նրանց հարող գործիչների հետ։
Խորհրդային բոլոր հիմնարկություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև մասնավոր անձինք, պարտավոր էին թանգարանին հանձնելու իրենց մոտ գտնվող թանգարանային և պատմական արժեք ներկայացող արխիվային փաստաթղթերն ու ցուցանմուշները։

1 9 2 2 թ.
Հունվարի 7-«Խորհրդային Հայաստան» թերթում տպագրվեց կառավարական շրջաբերականը, որով խստորեն  արգելվում է արխիվային նյութերի ապօրենի ոչնչացումը։ Այդ շրջաբերականում հանրապետության բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին հաղորդվում էր, որ ՀՍԽՀ Ժողկոմխորի նախագահության որոշմամբ լուսավորության ժողկոմատի տրամադրության տակ են դրվում բոլոր արխիվային նյութերը և առանց վերջինի գիտության ոչ ոք իրավունք չունի կամայական մոտեցում դրսևորելու արխիվների նկատմամբ:
Մարտի 6 - Հայաստանի Ժողկոմխորի նախագահ Ա.Մյասնիկյանը ստորագրեց լուսավորության ժողկոմ Պ.Մակինցյանի մանդատը, որտեղ ՌՍՖԽՀ բոլոր հիմնարկներին խնդրվում էր ամենահնարավոր միջոցներով օժանդակել և կարճ ժամանակամիջոցում Երևան տեղափոխել Խորհրդային Հայաստանին պատկանող արխիվային վավերագրերն ու թանգարանային իրերը։
Դեկտեմբերի 22 - ՀՍԽՀ պետական թանգարանի արխիվային բաժնի վարիչ Խ.Սարգսյանը իր զեկուցագրում նշեց, որ արխիվային բաժնին անհրաժեշտ է տալ այնպիսի իրավունքներ ու պարտականություններ, որպիսիք ունի Խորհրդային Ռուսաստանի արխիվային գործերի գլխավոր վարչությունը։ Խ.Սարգսյանը իրազեկ լինելով արխիվային գործի վերաբերյալ ՌՍՖԽՀ դեկրետի դրույթներին, կազմել է նաև Հայաստանի արխիվների մասին ընդունվելիք օրենսդրական ակտի նախագիծը։ Ահա նրա հիմնական կետերը.
1. Պետական հաստատությունների բոլոր արխիվները լուծարվում են ենթարկվում և նրանց մեջ պահված գործերն ու փաստաթղթերը հանձնվում են հիմնվող կենտրոնական արխիվային ֆոնդին։
2. Արխիվային ֆոնդը մնում է Հայաստանի պետական թանգարանի կազմի մեջ, իբրև նրա մի բաժինը։
3. Պետական հաստատությունները պարտավոր են ամսվա ընթացքում հանձնել արխիվային ֆոնդի այն գործերն ու գրագրությունները, որոնք ավարտվել են մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։
4. Պետական հաստատություններում այժմ կատարվող գործերն ու գրագրությունները մնում են այնտեղ հինգ տարի ժամկետով, որից հետո բոլոր ավարտված գործերը հանձնվում են արխիվային ֆոնդին։
5. Պետական հաստատություններն իրավունք չունեն ոչնչացնելու որևէ գործ,  գրագրություն կամ էլ առանձին թուղթ։

1923թ.
Սեպտեմբերի 26 - ՀՍԽՀ Կենտգործկոմի Նախագահությունը որոշեց Կենտգործկոմին առընթեր հիմնել պետական կենտրոնական դիվան (արխիվ)։
Ընտրված հանձնաժողովը՝ Աշոտ Հովհաննիսյանը (նախագահ), Ասքանազ Մռավյան և Արտաշես Կարինյան, մեկ շաբաթվա ընթացքում պետք է մշակեր պետական կենտրոնական արխիվի կանոնադրությունն ու ներկայացներ նախագահությանը՝ հաստատման։

1 9 2 4 թ.
Փետրվարի 21 - ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ հրատարակվեց ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվի Կանոնադրությունը, որի առաջվին հոդվածի համաձայն՝ հանրապետության բոլոր հիմնարկությունների արխիվները կազմում էին ՀՍԽՀ կենտրոնական արխիվը (դիվան), որը ենթարկվում էր ՀՍԽՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի իրավասությանը։ Հանրապետությունում գտնվող հիմնարկությունների, պաշտոնատար և մասնավոր անձանց մոտ պահվող փաստաթղթային նյութերը կազմում էին պետական միասնական արխիվային ֆոնդը, որն ըստ իր բովանդակության, բաժանվում էր. ա)քաղաքական, բ)տնտեսագիտական, գ)իրավաբանական, դ)պատմա-կուլտուրական և ե)ռազմական սեկցիաների։
Այնուհետև կանոնադրությունը սահմանում էր, որ կենտրոնական արխիվի վարիչը նշանակվում էր Կենտրոնական գործադիր կոմիտեի Նախագահության կողմից, որի վրա, բացի արխիվներից, դրվում էր նաև պետական հիմնարկությունների ընթացիկ գործավարության փաստաթղթային մասի ընդհանուր ղեկավարությունը։
Պետական կենտրոնական արխիվի վարչությանը տրվում էր արխիվային գործի վերաբերյալ կանոնադրությունների, կանոնների, գիտական և տեխնիկական բնույթի հրահանգների մշակման և Կենտգործկոմի հաստատմանը ներկայացնելու իրավունք։
Կանոնադրությամբ յուրաքանչյուր ժողովրդական կոմիսարիատ կամ հիմնարկություն պետք է ունենար իր արխիվը, որի փաստաթղթերը 5 տարի տեղում մնալուց հետո պետք է հանձնվեն Կենտգործկոմի իրավասության տակ գտնվող պետական կենտրոնական արխիվին։
Մարտի 17 - ՀՍԽՀ Կենտգործկոմի քարտուղարության հրամանով, ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվի վարիչ նշանակվեց պրոֆ. Խաչիկ Սամվելյանը։
Մարտի 24 -  ՀՍԽՀ Կենտգործկոմը հատուկ շրջաբերականով դիմեց հանրապետության բոլոր գավառային գործկոմներին՝ պետական կենտրոնական արխիվին տեղեկություններ հաղորդելու նախկին՝ ցարական և ՀՀ կառավարությունների տեղական մարմինների արխիվների առկայության ու վիճակի մասին։  Ապրիլի 22 - ՀՍԽՀ Կենտգործկոմի Փոքր նախագահությունը որոշեց պետական կենտրոնական արխիվին հատկացնել Երևանի Ալավերդյան փողոցի N 1 շենքը, այդ նպատակի համար առաջին հերթին բնակիչներից ազատելով շենքի մի մասը։
Հոկտեմբերի 1 - Տեղի ունեցավ ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվի պաշտոնական բացումը՝ ընդամենը չորս արխիվային ֆոնդերի բազայի վրա։
Դեկտեմբերի 6 - ՀՍԽՀ Կենտգործկոմի Նախագահությունը պետական արխիվի փաստաթղթային նյութերի համալրման գործը կազմակերպելու նպատակով որոշեց
ա) միջոցներ ձեռնարկել ՀՍԽՀ տերիտորիայի վրա հայտնաբերելու արխիվային ֆոնդերը և կենտրոնացնելու դրանք պետական կենտրոնական արխիվում.
բ) անհրաժեշտ գտնել պետարխիվի մեկ աշխատակիցի 15 օրով գործուղել Թիֆլիս՝ պարզելու ՀՍԽ Հանրապետությանը վերաբերող դիվանատան նյութերը.
գ) ԽՍՀՄ մյուս շրջաններում ՀՍԽՀ վերաբերյալ դիվանի նյութերի մասին տեղեկությունները հավաքել գրավոր հարցումների միջոցով՚։

1 9 2 5 թ.
Ապրիլ - ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվի կողմից կազմված պետական հիմնարկությունների արխիվների մասին Հրահանգը, ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության թույլտվությամբ առաքվեց բոլոր կարևոր հիմնարկությունների։
- Մշակվեցին «Ընթացիկ գործավարության արխիվային մասին դրվածքի ժամանակավոր կանոններ»-ը, որոնք, ՀՍԽՀ Կենտգործկոմի Նախագահության կողմից հաստատվելուց հետո, ուղարկվեցին հանրապետության գավգործկոմներին, ժողկոմիսարիատներին, և հիմնարկ-ձեռնարկություններին՝ ի գիտություն։

1 9 2 6 թ.
Դեկտեմբերի 8 - ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվը, հիմնարկ-ձեռնարկությունների արխիվները հաշվառման ենթարկելու նպատակով, հատուկ շրջաբերական-հարցացուցակով դիմեց հանրապետության բոլոր գավգործկոմներին՝ լրացնել հարցացուցակը և վերադարձնել պետական արխիվ։

1 9 2 8 թ.
Դեկտեմբերի 25 - ՀՍԽՀ Կենտգործկոմն ընդունեց «Արխիվային թղթի մակուլատուրա հավաքելու մասին» որոշումը։ Նույն օրը ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվը մշակեց «Արխիվային գործերի զտման և թղթի մակուլատուրայի մասին հրահանգը» և առաքեց հանրապետության բոլոր կարևոր հիմնարկ-ձեռնարկություններին ու կազմակերպություններին։

1 9 2 9 թ.
Մարտի 16 - Հայկական ՍԽՀ Կենտգործկոմի Նախագահությունը և Ժողկոմխորը հաստատեց Հայաստանի պետական կենտրոնական արխիվի նոր կանոնադրությունը։
Նոր կանոննադրության համաձայն, ՀՍԽՀ միասնական պետական արխիվային ֆոնդի կազմում մտնում էին բոլոր պետական, հասարակական, կոոպերատիվ, արհեստակցական, առևտրա-արդյունաբերական հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև մինչխորհրդային շրջանում գոյություն ունեցած բոլոր պետական ու հասարակական հիմնարկ-կազմակերպությունների արխիվային նյութերը։ Առաջին անգամ նշվում էր, որ առանց պետական կենտրոնական արխիվի թույլտվության արգելվում է արխիվային նյութերը հանրապետության սահմաններից դուրս  հանելը։ Նոր Կանոնադրության 7-րդ հոդվածում շեշտվում էր, որ «Մասնավոր անձինք պարտավոր են հաշվառման համար պետական կենտրոնական արխիվին ներկայացնել իրենց պատկանող կուլտուր-պատմական կամ քաղաքական նշանակություն ունեցող ձեռագրային նյութերի հավաքածուները և պատասխանատու են այդ նյութերի անձեռնմխելիության ու ապահովության վիճակի համար»։ Այնուհետև պահանջվում էր, որ մասնավոր անձանց մոտ եղած  զանազան պետական-հասարակական հիմնարկների արխիվային նյութերը հանձնվեն պետական պահպանման։
Հիմնարկ-ձեռնարկություններն ու կազմակերպությունները պարտավոր էին իրենց արխիվային նյութերը, մինչև պետական արխիվ հանձնելը, ամբողջ հինգ տարի պահել պետական հատուկ պաշտոնատար անձի հսկողության տակ՝ խնամքով ու անձեռնմխելի վիճակում։  Խստորեն արգելվում էր հիմնարկ-ձեռնարկություններին ու կազմակերպություններին, առանց արխիվային մարմինների թույլտվության, ոչնչացնել իրենց գիտական ու գործնական նշանակություն չունեցող փաստաթղթերը։
Կանոնադրության 10-րդ հոդվածը նորից հայտարարում էր, որ «Կանոնադրությամբ սահմանված կարգով խախտելու դեպքում հանցավորները կենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն քրեական օրենսգրքի»:
Կանոնադրության հաջորդ հոդվածներում թվարկվում էին պետական կենտրոնական արխիվի խնդիրներն ու իրավունքները, որոնք այդքան պարզ ու որոշակի չէին շարադրված նախորդ Կանոնադրության մեջ։
Ապրիլի 10 - ԽՍՀՄ Կենտգործկոմը և Ժողկոմսովետը որոշեցին հիմնել ԽՍՀՄ կենտրոնական արխիվային վարչություն։
Հունիսի 24 - Անդրկովկասյան Ֆեդերացիայի Կենտրոնական գործադիր կոմիտեն որոշում ընդունեց Անդրկենտգործկոմին առընթեր կազմակերպել Անդրկովկասյան ֆեդերացիայի արխիվային խորրհուրդ՝ Անդրկենտգործկոմի հատուկ լիազոր Ս.Սեֆի գլխավորությամբ։ Խորհրդի կազմի մեջ մտան Անդրկովկասյան հանրապետությունների կենտրոնական արխիվների վարիչները և Անդրպետքաղվարչության ներկայացուցիչը։
Նոյեմբերի 25 - ՀՍԽՀ պետպլանի նախագահությունը որոշեց հաստատել պետական կենտրոնական արխիվի 5-ամյա հեռանկարային պլանը և ներկայացնել ՀՍԽՀ Կենտրոնական գործադիր կոմիտեին՝ ի հաստատման։

1 9 3 0 թ.
Հուլիսի 15 - ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվի վարիչ Խ.Սամվելյանը հարց բարձրացրեց ՀՍԽՀ Կենտգործկոմի Նախագահության առջև՝ պետական արխիվի հրատարակություն ստեղծելու և «Կարմիր արխիվ» խորագրով տարեգիր հրատարակելու մասին։ րության մեջ նշվում էր. «կարևոր նշանակություն ենք տալիս գիտական-քաղաքական տեսակետից պատմական ու քաղաքական արժեքավոր վավերագրերի՝ հանդերձ իրենց մեկնաբանություններով, հրատարակության գործին, որով մենք, մի կողմից իրականացված կլինենք պետական կենտրոնական արխիվի խնդիրներից մեկը (տե՜ս մեր Կանոնադրության 12-րդ հոդվածի «Դ» կետը), իսկ մյուս կողմից՝ սատարած կլինենք արխիվային նյութերի գիտական ուսումնասիրության գործի ձեռնարկմանը»:
Հուլիսի 19 - ՀՍԽՀ պետական համալսարանը, ի հետևումն լուսժողկոմատի գրության, խնդրել է ՀՍԽՀ կենտրոնական պետական արխիվի տնօրենությանը՝ շտապ կարգով կազմել մեկ տարվա արխիվագիտական դասընթացի ծրագիր, 1930/31 ուսումնական տարում մանկավարժական ինստիտուտում արխիվագիտության դասընթաց մտցնելու նպատակով։
Հուլիսի 30 - Պետական կենտրոնական արխիվի վարիչը մանկավարժական ինստիտուտին ներկայացրեց արխիվագիտության դասավանդման ծրագիրը կից բացատրությունով։
Սեպտեմբերի 1 - ՀՍԽՀ Կենտգործկոմը շրջաբերական նամակով հանրապետության գավգործկոմներին պարտավորեցրեց գավառական կենտրոնական հիմնարկների վերացման, նոր վարչատարածքային կարգի (շրջանացման) կապակցությամբ լուծարքի ենթարկվող գավգործկոմների և կենտրոնական այլ մարմինների փաստաթղթային նյութերը պետական կենտրոնական արխիվ հանձնելու մասին։ Համաձայն այդ շրջաբերականին, շրջանային գործադիր կոմիտեները իրենց արխիվային նյութերը պետք է պահեն իրենց մոտ։ Շրջպետարխիվներում կենտրոնացվելու են նաև գյուղական խորհուրդների արխիվները, բացառությամբ գործնական նշանակութուն ունեցող միավորներից, տեղերում (գյուղական խորհուրդներում) մեկ տարի պահելուց հետո։
Առաջարկվեց շրջանային գործադիր կոմիտեներին իրենց արխիվներին հատկացնել հատուկ՝ հրդեհից, գողություններից և այլ վտանգներից ապատով, չոր և լուսավոր սենյակներ, որոնք պետք է գտնվեն շրջգործկոմի գրասենյակի կողմից նշանակված որևէ աշխատակցի պատասխանատվության ներքո։
Նոյեմբերի 8 - Պետական կենտրոնական արխիվի արտադրական խորհրդակցությունը որոշեց արխիվում կենտրոնացված ֆոնդերը բաժանել երկու գլխավոր սեկցիաների՝ պատմա-կուլտուրական (նախահեղափոխական) և Հոկտեմբերյան հեղափոխության (հետհեղափոխական)։

1 9 3 1 թ.
Հունվար - Պետական կենտրոնան արխիվի վարիչ Խ.Սամվելյանը 1930թ. հաշվետվության մեջ պահանջ դրեց բոլոր կարևոր հիմնարկ-ձեռնարկություններում արխիվային աշխատողների հաստիքներ սահմանելու մասին, առանց որի արխիվային փաստաթղթերը մատնվում են կորստի։ Ըստ նրա, համարյա բոլոր պետական հիմնարկություններում արխիվարիուսների պաշտոնները վերացվել էին և  այդպիսի հաստիքներ գոյություն ունեն միայն հողժողկոմատում, Երևանի ու Լենինականի քաղաքային սովետի գործկոմներում։
Հոկտեմբերի 1 - Պետական կենտրոնական արխիվի վարիչ նշանակվեց Լևոն Յաղուբյանը, իսկ պրոֆ. Խ.Սամվելյանը՝ նրա օգնականը։
Հոկտեմբերի 24 - Հայկական ՍԽՀ Կենտգործկոմի Նախագահությունը որոշում ընդունեց պետական արխիվի վիճակի մասին։ Նրանում նշվեց, որ Հայաստանի արխիվային գործում նկատվում են մի շարք թերություններ։ Այսպես, հանրապետության շրջաններում չեն կազմակերպված արխիվներ, պետական կենտրոնական արխիվը չունի որակյալ արխիվարիուսներ, որի պատճառով անբավարար են ընթանում արխիվային ֆոնդերի գիտա-տեխնիկական մշակման, գիտա-տեղեկատու ապարատի ստեղծման, փաստաթղթային նյութերի կենտրոնացման, օգտագործման աշխատանքները։
Հաշվի առնելով հանրապետության փաստաթղթային նյութերի նշանակությունը սոցիալիստական շինարարության և պատմագիտության համար, Կենտգործկոմի Նախագահությունը որոշեց արխիվային կադրեր պատրաստելու նպատակով կազմակերպել դասընթացներ, ԽՍՀՄ կենտրոնական արխիվային վարչությանը կից գործող արխիվագիտության ինստիտուտ ուսման ուղարկելու երկու արխիվիստ։ Այդ որոշմամբ ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվը վերակազմվեց ՀՍԽՀ կենտրոնական արխիվային վարչության։ Որոշումն առաջարկում էր միջոցներ ձեռնարկել կարգավորելու ժողովրդական կոմիսարիատների, ինչպես նաև կենտրոնում ու շրջաններում գործող հիմնարկությունների, կոոպերատիվ միությունների փաստաթղթային նյութերը, տեղերում գործող հիմնարկ-ձեռնարկությունների արխիվային նյութերն ընդունելու համար կազմակերպել շրջանային արխիվներ։ ՀՍԽՀ Ֆինանսների Ժողկոմիսարիատը պետք է դրամական միջոցներ տրամադրեր արխիվների վիճակը բարելավելու, նոր հաստիքներ ձեռք բերելու համար։ Պետական կենտրոնական հիմնարկների ղեկավարներինառաջարկվեց վերականգնել արխիվների վարիչների հաստիքները, վերացնել արխիվային ֆոնդերի պահպանման զուգահեռա-կանությունը տարբեր թանգարաններում, հանրային գրադարաններում և այլուր, կենտրոնացնելով նրանցում գտնվող փաստաթղթային նյութերը պետական կենտրոնական արխիվում։ Դատախազական մարմինների ուշադրությունը հրավիրվեց արխիվային կանոնադրությունը խախտողներին քրեական պատասխանատվությամբ ենթարկելու անհրաժեշտության վրա։ Որոշման մեջ տեղ գտան հատուկ կետեր Էջմիածնի Կաթողիկոսական արխիվից մինչխորհրդային ժամանակաշրջանի փաստաթղթային նյութերն ընդունելու, մշտական պահպանման ոչ ենթակա փաստաթղթերի փորձաքննության աշխատանքները ծավալելու, առանձնացված մակուլատուրան թղթի գործարանին հանձնելու վերաբերյալ։ Բացի այդ, պետարխիվին տրամադրվեցին հաստիքային երեք նոր աշխատողներ։
Որոշման ենթաբաժիններից մեկը վերնագրվել է «Պետարխիվի շենքի մասին», որտեղ նշվել է շենքի անհամապատասխան լինելը։ Անհրաժեշտ համարվեց կառուցել արխիվային պահանջներին համապատասխան նոր շենք, որի նախագծման համար 1932թ. բյուջեի ստուգիչ թվերում պետք է մտցվեին վարկեր։

1 9 3 2 թ.
Ապրիլի 23 - ՀՍԽՀ Կենտգործկոմի և ժողկոմխորի որոշմամբ հաստատվեց ՀՍԽՀ կենտրոնական արխիվային վարչության կանոնադրությունը։ Նրանում որոշակիորեն ընդգրկվեց Հայաստանի կենտրոնական արխիվայինվ վարչության դերն ու նշանակությունը հանրապետության կառավարման ապարատի աշխատանքում, տրվեցին նրա նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, ուրվագծվեցին արխիվային գործի զարգացման ուղիներն ու բնագծերը։
Հունիսի 1 - ՀՍԽՀ Կենտգործկոմի Փոքր նախագահությունը որոշեց, կենտրոնական արխիվային վարչության նոր Կանոնադրության համաձայն, հանրապետության քաղխորհուրդներում և շրջխորհուրդներում կազմակերպել համապատասխան արխիվային բյուրոներ, իսկ կարևորագույն հիմնարկ-ձեռնարկություններում՝ արխիվային բաժիններ՝ կառուցվածքային ստորա-բաժանումների իրավունքներով։ Կենտրոնական արխիվային վարչությանը կարգադրվեց շտապ կարգով հրատարակել արխիվների աշխատանքների կազմակերպման հրահանգը և այն առաքել արխիվային բյուրոներին ու բաժիններին՝ ի ղեկավարություն։ Շրջանային գործկոմներին առաջարկվեց անհապաղ ձեռնարկել շրջանային արխիվների բյուրոների կազմակերպմանը, իրենց վրա վերցնելով պահանջվող բոլոր ծախսերը։
Հուլիսի 1 - ՀՍԽՀ կենտրոնական արխիվային վարչության Կանոնադրության հաստատման կապակցությամբ և համաձայն ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվի վարիչի հրամանի «Պետական կենտրոնական արխիվը» վերանվանվեց «ՀՍԽՀ կենտրոնական արխիվային վարչություն»։
Հոկտեմբերի 21 -ՀՍԽՀ Կենտգործկոմի Կենտգործկոմի Նախագահությունը որոշեց կենտրոնական արխիվային վարչությանն առընթեր հիմնել «պատմական և արխիվագիտական գրադարան, որն ընդգրկելու է Հայաստանի և հայկական կյանքի, Անդրկովկասի, Ռուսաստանի և Մերձարևելյան երկրների պատմության, կուլտուրայի, բնության տնտեսության և հարակից խնդիրները»։ Ըստ այդ որոշման, գրադարանը պետք է ունենա արխիվագիտական տեղեկատու բաժին՝ հանրագիտական, տարեգրային, բառարանական, տեղեկատու և նման բովանդակության հրատարակությունների համար։ րապալատին առաջարկվեց Հայաստանի պետական արխիվի կազմակերպվող գրադարանն ապահովել Հայաստանում լույս տեսած և լույս տեսնող պարբերական և ոչ պարբերական բնույթի հրատարակություններով։ Միաժամանակ հանձնարարվում էր լուսժողկոմատին՝ կարգադրել Հանրային, Էջմիածնի գիտական և Երևանի մանկավարժական ինստիտուտների գրադարանների վարչություններին՝ անմիջական և անվճար կենտրոնական արխիվային վարչությանը տրամադրելու իրենց գրադարաններու եղած հրատարակությունների լրացուցիչ օրինակները։

1 9 3 3 թ.
Փետրվարի 3 - Կայացավ ՀՍԽՀ կենտրոնական արխիվային վարչության գիտական աշխատողների անդրանիկ նիստը։ Քննարկվեց արխիվային նյութերի մշակման ու հրատարակման հարցը։ Որոշվեց հրատարակման համար նախապատրաստել ՙԿարմիր արխիվ՚ հանդեսի առաջին համարը։
Փետրվարի 15 - ՀՍԽՀ կենտրոնական արխիվային վարչության և պետական կենտրոնական արխիվի դիրեկտոր Լևոն Բաղդասարի Յաղուբյանն այլ աշխատանքի նշանակվելու կապակցությամբ ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից։
Փետրվարի 16 - Կենտրոնական արխիվային վարչության և պետական կենտրոնական արխիվի դիրեկտոր նշանակվեց Սուրեն Միսակի Մարկոսյանը։
Հոկտեմբերի 20 - ՀՍԽՀ կենտրոնական արխիվային վարչության հրամանով տեղի ունեցավ արխիվի աշխատանքների վերակառուցումը։ Ստեղծվեցին վարչական (ղեկավար՝ Ս.Մարկոսյան), արխիվա-տեխնիկական (Մ.Շալջյան), սիստեմատիզացիայի և թեմատիկայի (Խ.Սամվելյան) և հետազոտական (Վ.Պարսամյան) սեկտորներ։
- Ստեղծվեց կենտրոնական արխիվային վարչության արխիվային խորհուրդ, որի կազմի մեջ մտան. կուլտուրպատմական ինստիտուտից՝ Մորուս Հասրաթյանը, մարքսիզմ-լենինիզմ ինստիտուտից՝ Կարո Ղազարյանը, պետպլանից՝ Հովհաննես Պետրոսյանը, բանգյուղտեսչության ժողկոմիսարիատից՝ Ն.Մամուլյանը, լուսժողկոմատից՝ Գառնիկ Ղազարյանը և արխիվագետներ Սուրեն Մարկոսյանը, Խաչիկ Սամվելյանը, Վարդան Պարսամյանը, Գրիգոր  Չուբարը։

1 9 3 4 թ.
Փետրվարի 15 - ՀՍԽՀ  Կենտգործկոմի Նախագահությունը գյոուղական խորհուրդների արխիվների կարգավորման, ինչպես նաև շրջանային արխիվային բյուրոն ստեղծելու ընթացքի մասին ընդունեց համապատասխան  որոշում։ Նրանում բոլոր շրջանային գործադիր կոմիտեներին առաջարկվում էր պարտավորեցնել գյուղական խորհուրդներին՝ նախագահների անձնական պատասխանատվությամբ միջոցներ ձեռնարկել կարգավորելու գյուղական խորհուրդների արխիվները, կազմակերպել շրջգործկոմներին առընթեր արխիվային բյուրոներ (եթե մինչ այդ չէր եղել կազմակերպված)՝ տրամադրելով  տեխնիկական հարմարություններ և դրամական միջոցներ փաստաթղթային նյութերի կարգավորման համար։ Կենտրոնական արխիվային վարչության և շրջգործկոմներին առաջարկվում էր ուժեղացնել փոխաչդարձ կապն ու համաձայնեցված միջոցառումներով ապահովել արխիվային փաստաթղթերի կարգավորումը՝ շրջանային կենտրոններում և գյուղական խորհուրդներում։
Հուլիս - ՀՍԽՀ կենտրոնական արխիվային վարչության կազմի մեջ մտնում էին. Պետական արխիվը՝ պատմական (111 ֆոնդ) և Հոկտեմբերյան հեղափոխության (170 ֆոնդ) բաժիններով, Արհմիութենական կենտրոնական արխիվը (9 ֆոնդ), Երևան քաղաքային արխիվային բյուրոն (195 գերատեսչական արխիվներ), Լենինականի քաղաքային արխիվային բյուրոն (365 գերատեսչական արխիվներ), Էջմիածնի պատմական արխիվը (հոգևոր սինոդի և կաթողիկոսի գրասենյակի նյութեր), 26 շրջանային արխիվային բյուրոներ։

1 9 3 5 թ.
Օգոստոսի 1 - ՀՍԽՀ Կենտգործկոմի որոշմամբ Սուրեն Մինասի Մարկոսյանն ազատվեց Կենտրոնական արխիվային վարչության պետի պարտականությունները կատարելուց։ Վարչության պետ նշանակվեց Կարապետ Անդրեյի Ստեփանյանը, որը այդ պաշտոնը վարեց մինչև 1951 թվականը։
Սեպտեմբերի  22  - ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվի երեք բաժինների՝ ա)արխիվա-տեխնիկականի, բ)գիտա-թեմատիկի և գ)գիտա-հրատարակչականի փոխարեն ստեղծվեցին Հոկտեմբերյան հեղափոխության և Պատմական արխիվներ։ Հոկտեմբեր հեղափոխության արխիվում հաշվվում էր 188 ֆոնդ՝ 93 հազար, իսկ պատմական արխիվում՝ 119 ֆոնդ, 62500 պահպանման միավորով։ 307 ֆոնդից կարգավորված էր 144 ֆոնդ՝ 62.488 պահպանման միավորով (40 տոկոս)։
Գիտա-տեղեկատու գրադարանում հաշվվում էր 3.162 հատոր գիրք և 1.782 ամսագիր։
Նոյեմբերի 19 - ՀՍԽՀ Ժողկոմխորհը լսեց «Պետական կենտրոնական արխիվի աշխատանքի մասին» հարցը և որոշեց ընդլայնել նրան հատկացված շենքը, կանխել շրջաններում և կենտրոնական հիմնարկություններում արխիվների վարիչների հոսունությունը, ուժեղացնել վերահսկողությունը արխիվային տնտեսությունների նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելով արխիվային փաստաթղթերի պահպանման ապահովումն խախտողներին։

1 9 3 6 թ.
Նոյեմբերի 10 - Շրջանային արխիվների վիճակը բարելավելու նպատակով առաջին  անգամ Երևանում կազմակերպվեցին արխիվների վարիչների 15-օրյա դասընթացներ։ Պարապմունքներում բացատրվեցին արխիվների նշանակությունը, վարիչների պարտականությունները, արխիվային նյութերի կարգավորման և պահպանման ռեժիմի մասին։

1 9 3 7 թ.
Օգոստոսի 15 - ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվը հանրապետության հանրային գրադարանին հանձնեց 166 կտոր եկեղեցական գրքեր։

1 9 3 8 թ.
Օգոստոսի 7 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի օրինակով, ՀՍԽՀ Գերագույն  խորհրդը որոշեց հանրապետության կենտրոնական արխիվային վարչությունը և պետական կենտրոնական արխիվները հանձնել ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմիսարիատի տնօրինությանը։ Արխիվային վարչությունը վերանվանվեց արխիվային բաժին, հանդիսանալով ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմիսարիատի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը։ Նրա վրա դրվեցին հանրապետության պետական արխիվային ֆոնդի փաստաթղթային նութերի հաշվառման, համալրման, գիտատեխնիկական մշակման աշխատանքների կազմակերպման, կենտրոնական, քաղաքային ու շրջանային պետարխիվների գործունեության ղեկավարման, պետական և գերատեսչական արխիվներում պահպանման ենթակա և ոչ ենթակա նյութերի ընտրության ու հսկողության, այդ նյութերը նոր հասարակարգի կառուցման շահերին ծառայեցնելու և արխիվային շինարարության այլևայլ գործառույթներ։
Սեպտեմբեր - դեկտեմբեր - ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվը երկու ինքնուրույն միավորների՝ Հոկտեմբերյան հեղափոխության և պատմական արխիվների բաժանելու նպատակով, կատարվեց 244 ֆոնդերի առկայության ու վիճակի ստուգում։ Ճշգրտվեցին բազմաթիվ ֆոնդառաջացնողների անվանումները, ծայրային տարեթվերը, ֆոնդերի կազմը, ինչպես նաև հայտնաբերվեցին նոր ֆոնդեր (8)։
Պարզվեց, որ Հոկտեմբերյան հեղափոխության արխիվին պատկանում են 243 ֆոնդ՝ 121.838 պահպանման միավորներով, իսկ Պատմական արխիվին՝ 129 ֆոնդ՝ 63.410 պահպանման միավոր։

1 9 4 0 թ.
Սեպտեմբեր - Ռուսերենից հայերեն թարգմանվեց և հրատարակվեց ԽՍՀ Միության ժողովրդական կոմիսարիատների, հիմնարկությունների, ձեռնարկ-ությունների և կազմակերպությունների արխիվների աշխատանքի վերաբերյալ հրահանգը (1500 տպաքանակով)։
Հրահանգը առաքվեց ՀԽՍՀ բոլոր ժողկոմիսարիատներին, կենտրոնական և տեղական նշանակություն ունեցող հիմնարկ-ձեռնարկություններին ու շրջանային պետական արխիվներին։

1 9 4 1 թ.
Մարտի 4 - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսարի հրամանով արխիվային բաժնի գիտաշխատող Հարություն Գեղամի Կարապետյանը նշանակվեց Հոկտեմբերյան հեղափոխության պետական կենտրոնական արխիվի տնօրեն, իսկ Կարապետ Անդրեյի Ստեփանյանը՝ պատմական  պետական կենտրոնական արխիվի տնօրեն, շարունակելով  կատարել վարչության պետի պարտականությունները։
Մարտի 29 - ԽՍՀՄ Ժողկոմխորը հաստատեց ԽՍՀՄ պետական արխիվային ֆոնդի մասին կանոնադրությունը և ԽՍՀՄ պետական արխիվների ցանցը։ Վերջինիս համաձայն, Հայկական Հանրապետությունը կարող էր ունենալ երկու կենտրոնական արխիվներ՝ ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվ և ՀԽՍՀ ֆոտո-ֆոնո-կինո փաստաթղթերի պետական կենտրոնականը արխիվ։
Մայիսի 30 - ՀԽՍՀ Ժողկոմխորը պարտավորեցրեց բոլոր հրատարակչական կազմակերպություններին հանրապետության պետական կենտրոնական արխիվին անվճար հանձնելու մեկական օրինակ գիտա-պատմական և պաշտոնական նշանակություն ունեցող գրականություն՝ համաձայն ԽՍՀՄ ժողկոմսովետի 1941թ. մարտի 29-ի որոշմամբ հաստատված ԽՍՀՄ պետական արխիվային ֆոնդի Կանոնադրության։
- ՀԽՍՀ հոկտեմբերյանի հեղափոխության և պատմական արխիվները միացվեցին ու վերստեղծվեց ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվը, համաձայն ԽՍՀՄ Ժողկոմխորի կողմից հաստատված ՙԽՍՀՄ պետական կենտրոնական արխիվների ցանցի:

1 9 4 1 թ.
Հոկտեմբերի 15 - ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվի ավագ տեսուչ Աբրահամ Նուշոյի Մկրտչյանը նշանակվեց արխիվի պետի պաշտոնակատար:



 



Website design and development by BRONCOWAY