Լույս է տեսել <<Վավերագրեր հայ եկեղեցու պատմության>> մատենաշարի հերթական` 16-րդ հատորը (գիրք ԺԶ): <<Կարապետ Եպիսկոպոս Տեր-Մկրտչյան (1866-1915)>> փաստաթղթերի և նյութերի ժողովածուն հրապարակել է Հայաստանի ազգային արխիվը: Գիրքը կազմել է Գոհար Ավագյանը, պատասխանատու խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, ծրագրի հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը: Այն նվիրված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ակնառու անդամ, երախտաշատ գիտնական-հոգևորական, հմուտ աստվածաբան Կարապետ Եպիսկոպոս Տեր-Մկրտչյանին: Բարձրաստիճան, ձեռնհաս հոգևորականի, ընդգծված անհատականության, հմուտ աստվածաբանի, փիլիսոփայի, բանասերի, հայագետի, քրիստոնյա Արևելքի հին մշակույթի մեծ գիտակի անժամանակ մահն անդառնալի կորուստ էր հայ եկեղեցու և հատկապես գիտական մտքի համար:
Գրքում զետեղված են 273 ամենատարբեր բնույթի վավերագրեր` կաթողիկոսական կոնդակներ, Ս. Էջմիածնի Սինոդի արձանագրություններ, հրահանգներ, ծրագրեր, խնդրագրեր, գրություններ, զեկուցագրեր, դիմումներ, հանձնարարականներ, հաղորդագրություններ, միջնորդագրեր, բացատրագրեր, անձնական նամակներ, գույքացուցակներ, մահախոսականներ: Դրանք հրապարակվում են գրեթե բացառապես առաջին անգամ և պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում, Մաշտոցյան Մատենադարանում:
Ժողովածում ունի ծավալուն առաջաբան, հավելվածներ, կենսագրական բառարան, փաստաթղթերի և նյութերի, անձնանունների ցանկեր: Այն տպագրվել է մոսկվաբնակներ Ռուբեն և Կարեն Աշոտի Տեր-Մկրտչյանների հովանավորությամբ:
Ստվարածավալ` 558 էջից բաղկացած, մեծարժեք այս ժողովածուն անկասկած կհետաքրքրի և առատ նյութ կտրամադրի պատմաբաններին, աստվածաբաններին և հայագիտությամբ հետաքրքրողներին, ամբողջացնելով ու լուսաբանելով հայ եկեղեցու, հետևաբար նաև հայոց պատմության անհայտ մնացած էջերը:
Ժողովածուն կունենա իր հաջորդները:
< կարդալ բոլորը
