հայերեն русский english
Փնտրել
 





ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉՈՒՆԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
2007-03-30

«Իրավունք» թերթի լրագրող Գոհար Ավետիսյանի հարցազրույցը Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ:
-Պարոն Վիրաբյան, ինչ‘ խնդիրներ ունի ազգային արխիվը:
-Դժվարություններն առկա են բոլոր բնագավառներում: Ի տարբերություն այլ մշակութային կազմակերպությունների, մենք կարողանում ենք հաղթահարել դրանք: 2001 թվականից լուծվեց ջեռուցման հարցը, նորոգվեցին տանիքները: Սկսվել է արխիվային նյութերի թվայնացումը: Վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի թվայնացումն իրականացվելու է կառավարության և <<Հայֆիլմ>> կինոստուդիայի միջոցներով: Այս տարի կառավարությունը 16 մլն դրամ է հատկացրել համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար:Միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է 3 տարվա ընթացքում պահոցներում կարգավորել օդափոխման համակարգը: Մեր հիմնական խնդիրը կադրերի պակասն է: Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում 35-40 հազար միջին աշխատավարձ ստացող մասնագետը մեզ մոտ երկար չի մնում:
 -Դուք նշեցիք, որ նորոգումներ եք արել, իսկ ով‘ է ֆինանսավորում:
 - Քանի որ արխիվը նաև ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, որոշ գումարներ ենք վաստակում և ծառայեցնում այդ խնդիրների լուծմանը: 2005թ. արխիվին է միացվել ֆիլմադարանը: Այս տարի կառավարության որոշմամբ ծրագրեր ենք կազմել, ըստ որոնց` վերանորոգվելու է ֆիլմադարանը: Մենք կարգավորում ենք տարբեր կազմակերպությունների փաստաթղթերը, և դրա դիմաց ստանում ենք գումար: Եթե անցած տարի պետբյուջեից արխիվին տրամադրվել է 268 մլն դրամ, ապա դրա կեսի չափը արխիվի ձեռնարկատիրական գործունեությունից է ստացվել: 2006թ. երկու ծրագիր իրագործեցինք: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության օգնությամբ ստեղծվեց արխիվի ինտերնետային կայքը, և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի տրամադրած 30 հազար դոլարով վերանորոգվեցին 4 ստորգետնյա արխիվապահոցներ:
 - Ինչ‘ միջոցներ եք ձեռնարկում արխիվային նյութերի պահպանման համար:
 -Թղթային նյութերը տարիների ընթացքում սնկային հիվանդություն են ձեռք բերում: Նոր համալրված փաստաթղթերը հատուկ խցում ախտահանում ենք: Պահոցներում 2-3 տարին մեկ ախտահանումներ ենք անում: Բացի այդ, ստեղծվել է ապահովագրական ֆոնդ: Փաստաթղթերը լուսանկարվում են և պահվում ժապավենների վրա: Եվ եթե բնական աղետների կամ մարդկային վայրագությունների հետևանքով թուղթը ոչնչանա, ապա ապահովագրված պատճենը կփոխարինի դրան: Որոշ արժեքավոր փաստաթղթեր տրամադրում ենք ժապավենների տարբերակով: Արխիվային նյութերի զանգվածային տարիքը սկսվում է 1828 թվականից: Քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե դրանք որքան կպահպանվեն, 2001թ. սկսվել է թվայնացման գործընթացը: Նախ թվայնացվեցին ցեղասպանությանը վերաբերող, ինչպես նաև գաղթականներին առնչվող փաստաթղթերը:
 - Ով‘ կարող է օգտվել արխիվային ծառայություններից:
 -Ամեն մեկն էլ կարող է օգտվել արխիվից, եթե տվյալ փաստաթուղթը չի պարունակում պետական, ծառայողական, անձնական և ընտանեկան գաղտնիկ: Անպայման պետք է ներկայացնել անձնագիր, քանի որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ կա այլ մոտեցում, օտար երկրացիների համար`այլ:
 -Կա‘ համագործակցություն արտասահմանյան արխիվների հետ:
 -Մենք համագործակցում ենք Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի արխիվների հետ: Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություն ունենք, ըստ որի, Կարմի խաչի միջոցով տեղեկություններ կփոխանակենք Հայաստանում նախկինում ապրող ադրբեջանցիների և նախկին ադրբեջանահայերի վերաբերյալ: Կապեր ունենք Բուլղարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Ամն-ի, Պարսկաստանի արխիվային ծառայությունների հետ, ինչպես նաև Մոլդովայի հետ, որտեղ ժամանակին հայակական գաղութներ են եղել, և հայ ժողովրդի մասին հետաքրքիր տեղեկություններ կան: Լվովում նույնպես կան հայերեն շատ փաստաթղթեր: Նրանք պատրաստ են հայաստանցի ուսումնասիրողներին տրամադրել համապատասխան տեղեկություն: Նույնիսկ Թուրքիայի արխիվի տնօրենը պատրաստ է մեզ օգնել, սակայն մենք չունենք թուրքերենի լավ մասնագետ:  



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY