2007 թվականի հոկտեմբերի 10-ին մարդաշատ էր Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող մանկատունը: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հայ դատի նվիրյալ, 20-րդ դարի առաջին տասնամյակներին Ազգերի Լիգայի գաղթականական գծով գլխավոր կոմիսար Ֆրիտյոֆ Նանսենի անունը իր ծավալած հայանպաստ գործունեության համար դարձել է թանկ ու հարազատ յուրաքանչյուր ճշմարիտ հայորդու համար: Հասարակական – քաղաքական, մարդասիրական սկզբունքների պահպանման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Վիրաբյանը պարգևատրվեց մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: Այն հանձնեց Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:
Ա. Վիրաբյանը իր շնորհակալական խոսքում մանկատան սաներին խոստացավ հաջորդ այցի ժամանակ նրանց նվիրել Ֆրիտյոֆ Նանսենի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստաթղթերի և լուսանկարների վահանակներ, որոնք ոչ միայն վերջիններիս, այլև իրենց այցելության եկող հյուրերին կծանոթացնեն Նորվեգիայի մեծ մարդասերի, պայծառ մարդու հետ, որ ոչ միայն իրեն ծնող ժողովրդի, այլև հայ ժողովրդի զավակն է:
< կարդալ բոլորը
