2007 թվականի հոկտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային արխիվի հրավերով Երևան էր ժամանել Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Ռուսատանի Դաշնային արխիվային գործակալության ղեկավար Վլադիմիր Կոզլովը, պահպանության ապահովման, պետհաշվառման և արխիվային տեխնոլոգիաների ավտոմատացման բաժնի պետ Տատյանա Շաբանովան, համալրման բաժնի պետի տեղակալ Բորիս Ալբրեխտը, արխիվային գործի, փաստաթղթավարության գիտահետազոտական համառուսական ինստիտուտի փոխտնօրեն Նինա Խիմինան, Ռուսաստանի Դաշնության պետարխիվի փոխտնօրեն Ելենա Կոզլովան, Մոսկվայի մարզի գլխավոր արխիվային վարչության պետի առաջին տեղակալ Իգոր Ռոմալինը, Կրասնոդարի երկրամասի անձնակազմին վերաբերող փաստաթղթերի արխիվի տնօրեն Ստանիսլավ Տեմիրովը: Հոկտեմբերի 18-ի կեսօրին Զվարթնոց օդանավակայնում հյուրերին դիմավորեցին նրանց հայաստանցի գործընկերները: Առաջին այցելությունը Հայաստանի ազգային արխիվ էր, որտեղ վերջերս կազմակերպված §Երկու աշխարհամարտերի ռազմադաշտերում¦ խորագրով ցուցահանդեսը, նվիրված ֆրանսիական բանակի Արևելյան /հայկական/ լեգեոնին և Ֆրանսիայում խորհրդային առաջին պարտիզանական /հայկական/ գնդին, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև ռուս արխիվագետների մոտ: Դրան հաջորդեց այցելությունը Երևանի կոնյակի գործարան: Երեկոյան հյուրերը մեկնեցին Ծաղկաձոր, որտեղ պետք է անցկացվեր արխիվագիտական մի շարք հարցերի նվիրված կլոր սեղան:
Հոկտեմբերի 19-ի առավոտյան հայ և ռուս արխիվագետները հանդիպեցին կլոր սեղանի շուրջ` քննարկելու արխիվների համալրման, փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման հետ առնչվող հարցերը: Ներկաներին ողջունեցին ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, ՌԴ արխիվային գործակալության ղեկավար Վլ. Կոզլովը` ընդծելով հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի կարևորությունը և հույս հայտնելով, որ նմանօրինակ հանդիպումները կօգնեն ընդունելի լուծումներ գտնելու այն խնդիրների համար, որոնք արդիական են այսօրվա արխիվների համար: Երկու կողմերի արխիվագետների աշխույժ քննարկման նյութ դարձավ էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, դրանց պահպանության ապահովման հետ կապված խնդիրը, քանի որ գաղտնիք չէ, որ էլեկտրոնային փաստաթղթերը հարաճուն ձևով գալիս են փոխարինելու թղթե հիմքով փաստաթղթերին:
Մշակութային հագեցած ծրագրի շրջանակներում հյուրերը եղան Սևանա լճում, Դիլիջանից 18 կմ հյուսիս գտնվող 10-13-րդ դարերի Հաղարծին վանքային համալիրում:
Հոկտեմբերի 20-ի կլոր սեղանի թեման նվիրված էր արխիվների ֆոնդավորման խնդիրներին, հատկապես` 90-ական թթ.-ից հետո: Այս հարցում տարբերակված մոտեցումներ կան հայ և ռուս արխիվագետների գործելակերպերում:
Հաշվի առնելով արծարծվող հարցերի ընդգրկունությունը` փոխադարձ համաձայնությամբ որոշվեց հաջորդ գործնական հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածությամբ ընտրել միայն մեկ թեմա, այն ավելի խոր և համապարփակ քննարկելու համար:
Այցելությունը Հայաստանի ազգային թանգարան, որտեղ ցուցադրվում է §Սուրբ Հայաստան¦ /Armenia Sacra/ խորագրով ցուցահանդեսը, որն, ի դեպ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա կենտրոնական միջոցառումն էր Լուվրի աշխարհահռչակ թանգարանում, Հայոց Ցեղասպանության թանգարան և Փարաջանովի տուն-թանգարան դեռևս երկար կմնա ռուս արխիվագետների հիշողության մեջ:
Հոկտեմբերի 21-ին համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնի Մայր տաճար և Զվարթնոց այցելությունից հետո հյուրերը մեկնեցին` իրենց հետ տանելով հայ գործընկերների և հայաստանյան ոսկե աշնան ջերմությունը:
< կարդալ բոլորը
