2007 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մամլո ասուլիսը: Ասուլիսին հրավիրված էին հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները` հեռուստաալիքների լրատվական ծրագրերի, հանրային ռադիոյի, պարբերական մամուլի լրագրողները: Ասուլիսը նվիրված էր օրերս Ռուսաստանի Դաշնության “Սովեքսպորտֆիլմ” ընկերության կողմից Հայաստանի ազգային արխիվին որպես նվեր հանձնած կինոնկարներին: Խոսքը 1966-1990 թթ. ընթացքում “Հայֆիլմի” 22 անուն գեղարվեստական ֆիլմերի, այդ թվում` “Գիքոր”, “Տղամարդիկ”, “Նահապետ”, “Կտոր մը երկինք”, “Ճանապարհ դեպի կրկես”, “Մեր մանկության տանգոն”, “Նռան գույնը”, “Խաթաբալա” և այլ ֆիլմերի էկրանային կյանք ստանալուն նախորդող պոզիտիվ պատճենների, կոնտրատիպի, միջանկյալ պոզիտիվի (լավանդա), նեգատիվ կամ մագնիսային ֆոնոգրամայի մասին է: 1047 կգ քաշով ուղեբեռը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան օժանդակությամբ:
Ա. Վիրաբյանը հավաստիացրեց, որ ստացված են բարձրակարգ ժապավեններ, մի հանգամանք, որը կապահովի դրանց երկարակեցությունը: Ինչ վերաբերում է պահպանության ապահովությանը, ապա նշվեց, որ ՀԱԱ ֆիլմադարանի 4 ստորգետնյա արխիվապահոցները տեխնիկապես զինված են, իսկ ջերմախոնավային համապատասխան ռեժիմը գործում է շուրջօրյա:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք տարեսկզբին սկիզբ առած` ոչ միայն գեղարվեստական, այլև վավերագրական ֆիլմերը Հայաստան բերելու գործընթացը շարունակություն կունենա, ՀԱԱ տնօրենը տեղեկացրեց, որ Ռուսաստանի կինոարխիվում դեռևս կան վավերագրական ֆիլմեր, որոնք պատմամշակութային արժեք են ներկայացնում և որ ամեն ինչ արվում է դրանց պատճենները Հայաստան տեղափոխելու համար:
Հանդիպման ավարտին Ա. Վիրաբյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:
< կարդալ բոլորը
