հայերեն русский english
Փնտրել
 





2008 թվականի մարտի 14-ին Հայաստանի ազգային արխիվում ՅՈՒՆԵՍԿՕ- ի ծրագրերի շրջանակներում անցկացվեց սեմինար`
2008-03-14

2008 թվականի մարտի 14-ին Հայաստանի ազգային արխիվում ՅՈՒՆԵՍԿՕ- ի ծրագրերի շրջանակներում անցկացվեց սեմինար` նվիրված ֆիլմերի թվայնացման, դրանց պահպանման արդի խնդիրներին: Մասնակիցների թվում էին տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ, կինոգործիչներ, արխիվագետներ, հանրապետության ԶԼՄ – ների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և նշեց, որ, հաշվի առնելով քննարկվելիք հարցերի տարողունակությունը, դրանք պետք է շարունակական բնույթ կրեն:
ՀԱԱ տնօրենի տեղակալ Գարեգին Զաքոյանն անդրադարձավ սիրողական ֆիլմերի խնդրին` ընդգծելով, որ այդ ֆիլմերը հաճախ ավելի ճշմարտացի տեղեկություն են պարունակում, քան պաշտոնական կինոխրոնիկան:
Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուքսազյանը, մասնագիտորեն անդրադառնալով մշակութային քաղաքականության մերօրյա խնդիրներին, նշեց, որ ռեալ անկախությունը մշակութային անկախությունն է, որը ենթադրում է նաև դեպքերին ու իրադարձություններին արագ արձագանքելու կարողությունը:
Իրանից ժամանած կինոռեժիսոր Արմեն Պետրոսյանը նույնպես անդրադարձավ սիրողական ֆիլմերի թվայնացման խնդրին:
Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին 2003թ. –ին Մոնակոյի արխիվների կողմից թողարկված «Եվրոպական հանդիպումներ (Պատկերներ այս ու այն կողմից)» սիրողական ֆիլմը:
Վերջում սեմինարի մասնակիցների հավանությամբ ՀԱԱ-ն կոչով դիմեց հանրությանը, որտեղ ասված է. «Հայաստանի ազգային արխիվը դիմում է հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ունեն սիրողական, ընտանեկան ֆիլմեր: Գիտակցելով դրանց ճանաչողական – վավերագրական արժեքը ազգային – մշակութային ժառանգության պահպանման ու հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորության գործում, առաջարկում ենք հանձնել դրանք ազգային արխիվ պահպանության»:
Ինչ խոսք, դժվար է բաժանվել մասունք դարձած հիշատակներից, սակայն գտնված է հարցի լուծման լավագույն տարբերակը: Հայաստանի ազգային արխիվը ձեռնամուխ է եղել ֆիլմերի թվայնացման համար նորագույն տեխնիկայի ձեռք բերմանը: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել այս հայրենանվեր գործին, իրենց հանձնած ժապավենների փոխարեն ժամանակի ընթացքում կստանան դրանց թվային պատճենները (DVD):
Հույս ունենանք, որ մեր այս կոչն անարձագանք չի մնա:     



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY