2008 թվականի մարտի 25-ին Հայաստանի ազգային արխիվում էին հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Այցելության նպատակը ՀԱԱ նոր համալրման՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական արխիվային ֆոնդի ստեղծման մասին հանրությանը տեղեկացնելն էր: 2000-2007 թ.թ. ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը նորանկախ Հայաստանի հանրապետության առանցքային պետական եւ ազգային գործիչներից էր :
Ֆոնդում ընդգծված են «ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիր եւ գերակա խնդիրներ» /գրքույկներ/, «ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման 4 տարին /լրատվամիջոցների անդրադարձը/», հոդվածներ, հարցազրույցներ, հեռուստահաղորդումների տեսագրություններ, նամակներ, լուսանկարներ եւ այլ փաստաթղթեր. ընդամենը 34 պահպանման միավոր : ՀՀ նախագահի աշխատակազմից եւ
կառավարությունից օրերս ստացվեցին նաեւ Ա. Մարգարյանի անձնական գործը, աշխատանքային գրքույկը, ՀՀ նախագահի որոշումը նրան վարչապետ նշանակելու մասին եւ այլ փաստատթղթեր: ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցել է 4, երկրորդ հանրապետությունը՝13, երրորդ հանրապետությունը՝10 վարչապետ, սակայն քաղաքական, պետական ականավոր այդ գործիչներից միայն երեքի անձնական արխիվային ֆոնդերն են պահպանվում արխիվում եւ հույս հայտնեց, որ Անդրանիկ Մարգարյանի ֆոնդը, որ չորրորդն է ՀԱԱ-ում եւ որը կրում է 1706 համարը, կհամալրվի նոր ու արժեքավոր փաստաթղթերով:
< կարդալ բոլորը
