հայերեն русский english
Փնտրել
 





ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա. Գեւորգյանը այցելեց Հայաստանի ազգային արխիվ
2008-05-24

2008 թ. մայիսի 24-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա. Գեւորգյանը այցելեց Հայաստանի ազգային արխիվ: Այցելության նպատակը անմիջական ծանոթությունն էր  արխիվի գործառույթներին, խնդիրներին, ծրագրերին: ՀԱԱ-ում օրեր առաջ բացված «Մայիսյան հերոսամարտերը  եւ Հայաստանի Առաջին հանրապետությունը» խորագրով փաստավավերագրական ցուցահանդեսը մինչ օրս բազմաթիվ այցելուներ է ունեցել: Պատմական հերոսական այդ ժամանակաշրջանը արտացոլող խիստ արժեքավոր փաստաթղթերը, որոնցից շատերը ներկայացված  են  առաջին անգամ, հետաքրքրեցին նախարարին: Նշվեց, որ մինչ այժմ, ինչպես նաեւ այսուհետ կազմակերպվելիք փաստաթղթերի ցուցահանդեսները ինքնանպատակ չեն, ցուցահանդեսները ունենում են բազմաթիվ այցելուներ: Տարեսկզբից մինչ օրս, միայն հազարից ավել  ուսանողներ եւ դպրոցականներ դիտել են դրանք:
Նախարարը եղավ նաեւ  ընթերցասրահում, ուր ստեղծված են բոլոր պայմանները՝ ուսումնասիրողների աշխատանքի արդյունավետության համար: Արխիվապահոցներում նախարարը ծանոթացավ փաստաթղթերի պահպանության պայմաններին: ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը  ներկայացրեց այն աշխատանքները, որոնք ծրագրված են իրականացնել այս տարի՝ արխիվապահոցների օդակարգավորման եւ օդորակիչ  համակարգի ներդրում, լաբորատորիայի համար փաստաթղթերի, կինոնկարների ժապավենների, լուսանկարների, ձայնագրությունների վերականգնող եւ թվայնացնող ժամանակակից սարքավորումների ձեռքբերում: Ծրագրերը կիրականացվեն ՀՀ պետբյուջեի հաշվին:
Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ արդեն սկսված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, ինչպես նաեւ  թղթե հիմքով փաստաթղթերի թվայնացման ծրագրերին:
Ինչ վերաբերում է ՀԱԱ առջեւ ծառացած խնդիրներին, ապա դրանցից հատկապես կարեւորվեցին երկուսը՝ արխիվագետների սոցիալական վիճակի  բարելավումը եւ արխիվապահոցների գերբեռնվածության  խնդրի լուծումը դրանց  վերակառուցման միջոցով:                  



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY