հայերեն русский english
Փնտրել
 





Հայաստանի ազգային արխիվի պատվիրակությունը Մոսկվայում
2008-06-06

2008 թվականի հունիսի 3-ից 6-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում էր Հայաստանի արխիվագետների պատվիրակությունը.Հայաստանի ազգային արխիվի տնօրեն  Ա. Վիրաբյանը, տնօրենի տեղակալ Ս. Միրզոյանը, գիտաշխատող Հ. Վիրաբյանը: Ռուսաստանում արխիվային գործի 90-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ  Արխիվների միջազգային խորհրդի /ԱՄԽ/ Եվրասիկա տարածաշրջանային բաժանմունքի հերթական՝ 9-րդ ընդհանուր կոնֆերանսին եւ ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա էին ժամանել նաեւ Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի, Թուրքմենիայի, Գերմանիայի եւ Մոնղոլիայի պետական արխիվային ծառայությունների ղեկավարները: Հունիսի 4-ին՝ օրվա առաջին կեսին, տեղի ունեցավ գործնական կոնֆերանս, որի ընթացքում մեկ անգամ եւս փաստվեց, որ թղթի դարաշրջանն ավարտվում է, եւ դրան փոխարինելու են գալիս թվային տեխնոլոգիաները: Այսօր  Ռուսաստանում գործում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն /ՍՊԸ/, որը զբաղվում է փաստաթղթերի թվայնացման խնդիրներով: Այս կարեւորագույն խնդրի կիրարկմանը ձեռնամուխ է եղել նաեւ Հայաստանը, սակայն անելիքներն այս ուղղությամբ դեռեւս շատ-շատ են:Նույն օրը Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում տեղի ունեցավ  Ռուսաստանում պետական արխիվային ծառայության  90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որտեղ, ողջունելով ռուս գործընկերներին, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նշեց այն մեծ ավանդը, որ ունեն ռուսաստանցի արխիվագետներն արխիվային բնագավառի բարգավաճման եւ առաջընթացի գործում եւ ընդգծեց, որ դեռ անցյալ դարի 20-ական թվականներից ծնունդ առած հայ եւ ռուս արխիվագետների համագործակցությունն ու ստեղծագործական կապերը օրեցօր ամրապնդվում են: Հունիսի 5-ին տեղի ունեցավ Արխիվների միջազգային խորհրդի  Եվրասիկա տարածաշրջանային բաժանմունքի 9-րդ ընդհանուր կոնֆերանսը:Լսվեց բաժանմունքի 2004-2008 թ.թ. ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, եւ հաստատվեց առաջիկա չորս տարիների՝ 2008-2012 թ.թ. աշխատանքային ծրագիրը: Քննարկվեցին նաեւ 2008 թվականի հուլիսի 21-27-ը Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում կայանալիք արխիվների 16-րդ միջազգային վեհաժողովի հետ առնչվող նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ Եվրասիկայի անդամ երկրների պատվիրակությունների մասնակցության, ինչպես նաեւ վեհաժողովում Եվրասիկայի միջոցառումների անցկացման: Տեղի ունեցան բաժանմունքի ղեկավարության ընտրությունները: Բաժանմունքի նախագահի պաշտոնում ընտրվեց ՀԱԱ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, արխիվային ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Ա. Վիրաբյանը: Համաձայն ԱՀԽ Եվրասիկա բաժանմունքի 2009-2012 թ.թ. աշխատանքային ծրագրի՝ Եվրասիկա  տարածաշրջանային բաժանմունքի հերթական՝ 13-րդ ընդհանուր կոնֆերանսը տեղի կունենա ՀՀ մայրաքաղաք Երեւանում՝ 2012 թվականին:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY