հայերեն русский english
Փնտրել
 





Հայաստանի ազգային արխիվի պատվիրակությունը Ուկրաինայում
2008-10-04

2008 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը հայ արխիվագետների պատվիրակությունը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում եւ Լվով քաղաքում:Սեպտեմբերի 29-ին Ուկրաինայի արվեստի եւ գրականության  կենտրոնական պետական թանգարան-արխիվում տեղի ունեցավ «Ուկրաինայի հայկական համայնքը. պատմություն եւ այժմեականություն» խորագրով փաստաթղթերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:]Ներկաների թվում էին՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հայ եւ ուկրաինացի մտավորականներ, հայազգի անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանը, Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Թամարա Ավետիսովնան, Ուկրաինայի հայերի միության անդամներ, արխիվագետներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բացման  խոսքով հանդես եկան Ուկրաինայի արխիվների պետական կոմիտեի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Ուդոդը եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական  գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը: Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին Ուկրաինայում հայկական համայնքի, որ ձեւավորվել է դեռեւս Կիեւյան Ռուսիայում՝ 11-13-րդ դարերում, պատմությունն արտացոլող հետաքրքիր ու արժեքավոր բազմաբնույթ փաստաթղթերը, որոնք դասակարգված էին թեմատիկ-աշխարհագրական սկզբունքով: Ցուցադրված փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի եւ Ուկրաինայի արխիվներում:Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը նախորդել է համանուն կատալոգի հրատարակումը՝ հայերեն եւ ուկրաիներեն լեզուներով:Այն լիարժեք տեղեկատվություն է տալիս հայերի՝ Ուկրաինայում հաստատվելու պատմական իրողության,ցուցադրված փաստաթղթերի մասին «Մեր երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման արգասիք կդառանա նաեւ այս ցուցահանդեսը, որի կազմակերպման համար կցանկանայինք շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային արխիվին ու Ուկրանիայի Պետկոմարխիվին»,-ասված է Հայաստանի հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի ողջույնի ուղերձում:Ցուցահանդեսի բացման կապակցությամբ շնորհավորելով կազմակերպիչներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ «բազմահազարանոց հայ համայնքը, շարունակելով մեր ժողովրդի լավագույն ավանդույթները, այսուհետեւ եւս մանրակշիռ ներդրում կունենա մեր եղբայրական երկրների ու ազգերի ավանդական բարեկամական կապերի զարգացման ու ամրապնդման գործում»:Սեպտեմբերի 30-ին Լվովի պատմության կենտրոնական  պետական արխիվում վերոհիշյալ ցուցահանդեսի բացմանը հաջորդեց մամլո ասուլիս:Հայ արխիվագետները այցելեցին նաեւ Լվովում գործող Ուկրաինայի պատմության  կենտրոնական պետական արխիվ եւ Լվովի մարզի պետարխիվ:Ուկրաինական պարբերական մամուլը՝ «Голос Украiни» /«Գոլոս Ուկրաինի»/, Лео Полiс /«Լեո Պոլիս»/, լայնորեն արձագանքեց ցուցադրությանը:«Ուկրաինայի հայկական համայնքը.պատմություն եւ այժմեականություն» փաստաթղթերի ցուցադրության  հաջորդ հանգրվանը Հայաստանն է. այն կկայանա նոյեմբերին՝ Հայաստանի ազգային արխիվում:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY