հայերեն русский english
Փնտրել
 





“ Սպիտակի երկրաշարժ Աղետի գոտին երեկ և այսօր Հայացք 20 տարի անց”
2008-12-07

Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է “ Սպիտակի երկրաշարժ. Աղետի գոտին երեկ և այսօր: Հայացք 20 տարի անց” փաստաթղթերի ժողովածուն: Գիրքը կազմել են Ամատունի Վիրաբյանը, Ավագ Հարությունյանը, Սոնյա Միրզոյանը, Մարինե Մարտիրոսյանը: Պատասխանատու խմբագիրն է Ամատունի Վիրաբյանը: Համակարգչային շարվածքը` Ինգա Ջաղեթյանի:
“Սպիտակի” երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի որոշմամբ և պետական ֆինանսավորմամբ, Հայաստանի արխիվի վերոհիշյալ հրատարակությունը, առաջին անգամ, գիտական շրջանառության մեջ է դնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մասին փաստաթղթերը: Ժողովածուն ընդգրկում է 333 փաստաթուղթ, որոնց ժամանակագրությունն ընդգրկում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ից 2001 թվականը: Փաստաթղթերի մեծ մասը հրատարակվում են առաջին անգամ, բնագրերի լեզվով, հիմնականում` ռուսերեն: Օգտագործվել են Հայաստանի կոմկուսի կենտկոմի, Հայկական ԽՍՀ կառավարության, Գերագույն խորհրդի նախագահության, արտաքին գործերի նախարարության, արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի Հայկական ընկերության, Հայկական ԽՍՀ կառավարությանն առընթեր եկեղեցու գործերի պետական կոմիտեի փաստաթղթերը:
Գիրքն ունի ծավալուն նախաբան, որի շրջանակներն ավելի ընդգրկուն են, քան ժողովածուն ներկայացնելու միտումը: Այն կազմել են պատմական գիտությունների դոկտոր Ա. Վիրաբյանն ու պատմական գիտությունների թեկնածու Ս. Միրզոյանը: Նախաբանին հաջորդում են 6 բաժինները, համապատասխանաբար` 1. Ողբերգություն: 2. Աշխարհը սգում է : 3. Աշխարհի օգնությունը: 4. Վերականգնում: 5. Դժվարություններ: 6. Փորձություն:
Ժողովածուն ամբողջականացնում, առավել հետաքրքիր ու տպավորիչ են դարձնում մեզ ծանոթ ու անծանոթ լուսանկարները, որոնք ներկայացված են ըստ խորագրերի` “Մինչև երկրաշարժը”, “7-ը դեկտեմբերի 1988 թվական”, “Աշխարհը շտապում է օգնության”: Վերածնված քաղաքների, եկեղեցիների, բնակելի զանգվածների մերօրյա տեսարանները` պայծառ գույներով, հաջորդում են սև ու սպիտակ լուսանկարներին:
Քառասուն օրվա խորհուրդ է ենթադրում “Քառասուն օրվա խրոնիկա”-ն, որն օր առ օր ներկայացնում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ից 1989 թվականի հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածի համառոտ  տեղեկատվությունը:
Գիրքն ունի նաև անվանական ցուցիչների ցանկ: Գրքի ձևավորումը համահունչ է բովանդակությանը` 20 տարի անց հայացքն ուղղված է դեպի լույսն ու հավատքը:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY