Վաստակաշատ կինոռեժիսոր Լ. Իսահակյանի ծննդյան 101-րդ տարեդարձը
2009-04-15
2009 թ. ապրիլի 15-ին , Հայաստանի ազգային արխիվի հյուրն էր կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ /1966թ.-ից/ Լեւոն Իսահակյանը: Վաստակաշատ արվեստագետի ծննդյան 101-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հոբելյարը, նրա դուստրը, ազգականները, Հայաստանի կինոկենտրոնից զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արխիվագետներ: Բացման խոսքում ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նախ շնորհավորեց հայ կինոյի «դարավոր ընկուզենուն»՝ մաղթելով նրան կենսունակություն, ապա ներկաներին ծանոթացրեց ծնունդով գյումրեցի կինոռեժիսորի հարուստ ստեղծագործական կենսագրությանը:Դեռեւս 1930 թվականից հայ կինոյում իր առաջին քայլերը Լ. Իսահակյանն արեց՝ նկարահանվելով «Անուշ», «Մեքսիկական դիվանագետներ», «Թունել» եւ այլ ֆիլմերում: 1937 թվականը Լ. Իսահակյանի ռեժիսորական գործունեության սկիզբն է: Ռեժիսորը հայկական փաստավավերագրական ֆիլմերի հիմնադիրներից է:Իր իսկ խոսքերով. «Հայ մեծերին անդրադառնալը դարձավ իմ հավատամքը»: Մեկը մյուսի ետեւից էկրան բարձրացան Կոմիտասին, Մարտիրոս Սարյանին, Վիկտոր Համբարձումյանին, Արամ Խաչատրյանին, Վահրամ Փափազյանին եւ մյուսներին նվիրված վավերագրական ֆիլմերը:«Ում է ժպտում կյանքը» /1938/, «Թռիչք անդունդի վրայով» /1959/, «Ճանապարհ դեպի կրկես» /1963թ. Հ. Մալյանի հետ/ գեղարվեստական ֆիլմերից, հատկապես վերջինը՝ «տխուր աչքերով ծաղրածուի»՝ Լեոնիդ Ենգիբարյանի մասին ֆիլմը, ոչ միայն հանդիսատեսի, այլեւ նկարահանող ռեժիսորի սիրած ֆիլմերից է: ՀԱԱ տնօրենի տեղակալ, կինոգետ Գ. Զաքոյանը հավաստեց, որ Լ. Իսահակյանն այսօր աշխարհի ամենաերկարակյաց ռեժիսորն է: Արձակագիր, Հայաստանի ազգային կինոկենտրոնի սցենարական բաժնի խմբագիր Անահիտ Արփենը հատվածներ կարդաց Լ. Իսահակյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գրքից, որը պատրաստ է տպագրության: «Ուրախ եմ ու շնորհակալ, որ ազգային արխիվը չի մոռանում իրենց՝ ողջ կյանքը հայ մշակույթի զարգացմանը անմնացորդ նվիրած արվեստագետներին». ասաց բազմավաստակ արվեստագետը, որ չնայած իր տարիքին՝ սթափ միտք, նախանձելի հիշողություն եւ խոսքի հստակ շարադրանք ունի: Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին դեռեւս 1946 թվականին, Հայաստանի 25-ամյա հոբելյանի առթիվ Գ. Բալասանյանի եւ Հ. Զարգարյանի մասնակցությամբ, Լ. Իսահակյանի նկարահանած «Երկիր հայրենի» փաստավավերագրական ֆիլմի՝ ՀԱԱ-ի կողմից վերջերս թվայնացրած տարբերակը: Ցուցադրվեց նաեւ Լ. Իսահակյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նկարահանված «Դարակազմիկ արվեստագետը» /ռեժիսոր Անուշ Անանյան, սցենարիստ Գոհար Արշակյան/ վավերագրական ֆիլմը: Ճեմասրահում ցուցադրված Լ. Իսահակյանի նկարահանած եւ աշխատանքային պահերի տեսարանների լուսանկարներն ու ազդագրերը ոչ միայն միջոցառման հյուրերին, այլեւ օրվա գլխավոր հերոսին հաճելի պահեր պարգեւեցին: Օգտագործվել էին ՀԱԱ-ում պահպանվող ռեժիսորի անձնական արխիվային ֆոնդի նյութերը, որն ի դեպ համալրվել է նաեւ վերջերս: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Վերջում ՀԱԱ տնօրենը ի պատասխան ԶԼՄ-ների լրագրողներին հետաքրքրող հարցերի՝ խոսեց ազգային արխիվի կողմից իրականցվող, արդեն բնականոն հունով ընթացող, ծրագրավորված թվայնացման գործընթացի մասին, նշելով, որ մինչ օրս թվայնացվել են 10 գեղարվեստական /«Հայֆիլմի» մասնակցությամբ/ եւ 34 փաստավավերագրական ֆիլմեր: Գործընթացը ենթադրում է նաեւ կոմերցիոն նպատակ:Ստացված միջոցները կծախսվեն ֆիլմերի պահպանության ապահովման նպատակներով:
< կարդալ բոլորը
