ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանի հարցազրույցը ՝ցեղասպանության 94-րդ տարելիցի առթիվ
2009-04-21 2009 թ. ապրիլի 21-ին, մամուլի ազգային ակումբի հյուրն էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումը Հայոց ցեղասպանության մոտալուտ 94-րդ տարելիցի առիթով էր: ՀԱԱ տնօրենը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին եւ պարզաբանումներ արեց այսօր ազգային արխիվում առկա, ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ:12.000 /տասներկու հազար/ փաստաթուղթ արդեն հաշվառված են:Դրանք ձեռք են բերվել տարբեր տարիների, եւ եթե բնութագրելու լինենք, ապա կարելի դասակարգել 3 հիմնական խմբի, ընդորում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի Դիվանին հասցեագրված փաստաթղթեր, արհավիրքից հրաշքով փրկված ականատեսների հուշերի ու պատմածների գրառումներ, օտարերկրյա դիվանագետների եւ հատկապես ռուսական բանակի սպաների կողմից տրված տեղեկություններ:Ժամանակ առ ժամանակ ՀԱԱ-ն անդրադառնում է այդ փաստաթղթերին՝ պատմական կարեւոր իրադարձությունների առիթներով դրանց ցուցադրություններ կազմակերպելով, օգտագործելով տարբեր հրապարակումներում:Սակայն դեռ շատ չուսումնասիրված եւ չբացահայտված փաստաթղթեր կան, որոնք սպասում են իրենց ուսումնասիրողներին: «Ցավոք սրտի, եղած փաստաթղթերին մենք անդրադառնում ենք միայն Մեծ Եղեռնի տարելիցները նշելու շեմին՝ մնացած ժամանակ լռություն պահպանելով...»: ՀԱԱ տնօրենը հայտնեց նաեւ, որ աշխարհի շատ արխիվներում /շեշտելով հատկապես անգլիական արխիվները/ դեռեւ չբացահայտված փաստաթղթեր կան Հայոց Եղեռնի վերաբերյալ:Պետք է զինվել համբերությամբ եւ սպասել դրանց գաղտնազերծմանը: Խոսվեց նաեւ մի շատ կարեւոր հարցի մասին: Թուրքիայի արխիվներում պահպանվող փաստաթղթերը օսմաներեն են, ո՛չ թուրքերեն. մի հանգամանք, որը խիստ խոչընդոտում է դրանց ուսումնասիրությանը:Մենք չունենք անհրաժեշտ թվով օսմանագետներ, որոնց կարիքը խիստ զգացվում է:Ժամանակն է մտածել պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում համապատասխան մասնագետներ պատրաստելու մասին: Հանդիպման ավարտին, ՀԱԱ տնօրենը մեկ անգամ եւս հայտարարեց, որ հայկական արխիվները բաց են թե՛ նրանց համար, ովքեր դույզն-ինչ կասկած չունեն Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության իրողությանը, եւ թե՛ նրանց, ովքեր հերքում են այդ իրողությունը, այդ թվում նաեւ թուրք ուսումնասիրողների:
< կարդալ բոլորը
