հայերեն русский english
Փնտրել
 





Լազարեւյան չորրորդ ընթերցումները՝ Մոսկվայում
2009-06-10

  2009 թ. հունիսի 6-9-ը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, «Արարատ» հայկական  մշակութային-լուսավորական ընկերության նախաձեռնությամբ, տեղի ունեցան Լազարեւյան չորրորդ ընթերցումները՝ նվիրված Ռուսաստանում հայերի պատմությանը: Իր գոյության 10 տարիների ընթացքում միությունը՝ ի դեմս տեր եւ տիկին Դոլբակյանների, բազմաթիվ հետաքրքիր եւ գիտական բարձր մակարդակով միջոցառումներ է կազմակերպել: Բացառություն չէր նաեւ վերոհիշյալ միջոցառումը: Գիտաժողովի անցկացման կազմակերպչական աշխատանքներին մասնակցել են նաեւ Ն. Ա. Նեկրասովի անվան ունիվերսալ գիտական կենտրոնական գրադարանը, Մոսկվայի մարզի Ֆրյանովո ավանի ադմինիստրացիան, հայկական պատմածագումնաբանական ընկերությունը, Նախիջեւանի հայերի հայրենակցական միությունը: Ընթերցումների 4 նիստերի ընթացքում լսվեցին ամենատարբեր թեմաներով 80 հետաքրքիր զեկուցումներ: Հունիսի 6-ին, ընթերցումների առաջին նիստին, ներկաներին հաղորդվեց Ռուսաստանում  հայ առաքելական Սբ. եկեղեցու թեմի առաջնորդ Էրզաս արքեպիսկոպոսի ողջույնի խոսքը: Երեկոյան մասնակիցները հյուրընկալվեցին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության  դեսպանատանը: Լազարեւյան ընթերցումների մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը:Նրա՝ «Կտակները՝ որպես Ռուսաստանի հայերի ծագումնաբանական աղբյուր» զեկուցումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում: Ի դեպ, ընթերցումներին մասնակցում էին ոչ միայն հայազգի, այլեւ օտարազգի գիտնականներ, պատմաբաններ, մշակութաբաններ, արվեստագետներ: Նրանց ներկայությունը չէր խոչընդոտել անգամ տնտեսական համաշխարհային ճգնաժամից բխող դժվարությունների առկայությունը: Ավելին, նրանցից շատերը հայտնեցին նմանատիպ այլ միջոցառումների եւս մասնակցելու  իրենց պատրաստակամությունը: Հունիսի 9-ին՝ ընթերցումների վերջին օրը, մասնակիցները, կազմկոմիտեի անդամ Ս. Մուրադյանի ուղեկցությամբ, այցելեցին Հայկական գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելլու այնտեղ հանգչող  անվանի հայորդիների հիշատակին:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY