Դեռևս ամիսներ առաջ, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնաբերեց, որ հայաստանյան արխիվները բաց են բոլոր` այդ թվում նաև Թուրքիայից ուսումնասիրողների համար:
Պատմական գիտությունների դոկտոր, համալսարանի դասախոս Բադեմ Ջանդանն ազգությամբ թուրք առաջին ուսումնասիրողն է, որ գիտական մենագրություն գրելու նպատակով, ժամանել է Երևան: Արդեն 8 աշխատանքային օր է, որ նա ուսումնասիրություն է կատարում Հայաստանի ազգային արխիվում: Ուսումնասիրության թեման է “Կարսի մարզը Ռուսաստանի կազմում (1878-1918 թթ.)”: Թեմայի ընտրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նախ այն, որ պատմաբանը ծնունդով Արդահանից է և ինչպես ինքն է ասում` ծննդավայրի պատմությունը միշտ հետաքրքրել է իրեն և հետո` թեմայի վերաբերյալ թուրքերեն ուսումնասիրություններ չկան: Պատճառը թերևս ռուսաց լեզվի չիմացությունն է և իհարկե սառը պատերազմի տարիներին` արխիվների անմատչելիությունը: Մինչ Երևան գալը, Բ. Ջանդանը եղել է Մոսկվայի և Թբիլիսիի արխիվներում: ՀԱԱ առատ տեղեկատվական փաստաթղթերը նրան հաճելիորեն զարմացրել էին, իսկ ռուսերենի իմացությունը` դյուրացրել էր աշխատանքը: Նրա խոսքերով` ստեղծված են բոլոր պայմանները` արդյունավետ աշխատանքի համար, իսկ հայկական արխիվները բաց են բոլորի համար, որևէ խոչընդոտ կամ արգելք չի եղել թե` անհրաժեշտ փաստաթղթերի և թե` դրանց քսերոպատճենների ձեռք բերման հարցում: Պատմաբանը գոհ է նաև աշխատակիցների պատրաստակամ և բարյացկամ վերաբերմունքից: Օսմայան արխիվներն էլ բաց են հայ ուսումնասիրողների համար, հավաստիացրեց Բ. Ջանդանը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական ներկայիս հարաբերություններին, ապա հուսանք, որ դրանք կկարգավորվեն ոչ հեռավոր ապագայում, ասաց պատմաբանը:
Մեկնումից առաջ, Բ. Ջանդանը համոզմունք հայտնեց, որ իր առաջին այցը Հայաստան և հատկապես Հայստանի ազգային արխիվ, առաջինը, բայց վերջինը չի լինի:
< կարդալ բոլորը
