2009 թ. հոկտեմբերի 1-ին տոնական տրամադրություն էր Հայաստանի ազգային արխիվի նիստերի դահլիճում: Արխիվագետների հյուրն էր սփյուռքահայ ճանաչված մտավորական Երվանդ Ազատյանը՝ տիկնոջ հետ: Այս անգամ էլ տեր եւ տիկին Ազատյանները դատարկաձեռն չէին եկել Հայաստան: Տարիներ շարունակ նրանք կարեւոր առաքելություն են իրականացրել՝ հայրենիք են վերադարձրել հայազգի քաղաքական, պետական մշակույթի անվանի գործիչների արխիվային փաստաթղթերը, որոնք, պատմական ճակատագրի բերումով, սփռված են աշխարհով մեկ:
ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, ողջունելով հարգարժան հյուրերին ու ներկաներին, ուրախությամբ նշեց, որ նվիրատվությամբ ազգային արխիվին են հանձնվում ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ, անցյալ դարի սկզբների Հայաստանի միացյալ պատվիրակության Կիլիկիո լիազոր ներկայացուցիչ Միհրան Տամատյանի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստաթղթերը: 1921 թվականի հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրով ֆրանսիական կառավարությունը Կիլիկիան տալիս է Թուրքիային: Դեռ մինչ այդ Մ. Տամատյանն ահազանգում էր Կիլիկիայի ներքաղաքական դրության, ֆրանս-թուրքական հարաբերությունների, Կիլիկիայի հայության նկատմամբ Ֆրանսիայի վարած երկակի ու նենգ քաղաքականության հետեւանքով տեղի ունեցած հայկական ջարդերի ու Կիլիկիայի հայաթափության մասին... ՀԱԱ-ին հանձնվեցին Դավիթ Ադամյանի /միացյալ պատվիրակության քարտուղար/ խնամքով գրառված ազգային պատվիրակության թղթակցությունները, ֆրանսիական ազգային բանակի հայ լեգեոնների լուսանկարների ալբոմը, Դ. Ադամյանի օրագրերի միկրոժապավենները: Ժամանակն իր սեւ գործն արել է՝ փաստաթղթերը խամրել են եւ դժվարընթեռնելի են, սակայն Ա. Վիրաբյանը խոստացավ, որ շատ շուտով դրանք կթարմացվեն եւ կպատճենահանվեն:
Տիկին Ն. Ազատյանը, ով Միհրան Տամատյանի թոռնուհին է, հուշեր պատմեց իր պապի մասին: Շեշտելով Հայաստանի ազգային արխիվին հանձնվող փաստաթղթերի պատմական արժեքը՝
Ա. Վիրաբյանը կարեւորեց դրանց նշանակությունը Կիլիկիայի պատմությունն առավել ուսումնասիրելու գործընթացում: «Նման փաստաթղթերը պիտի հանգրվանեն Հայաստանում»,- ամփոփիչ խոսքում ասաց Ա. Վիրաբյանը:
< կարդալ բոլորը
