2009 թ. Հոկտեմբերի 30-ին Հայաստանում արխիվային գործի հիմնադրման և Հայաստանի ազգային արխիվի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀԱԱ ցուցասրահում տեղի ունեցավ Հայաստանում արխիվային գործի կազմակերպմանը նվիրված փաստաթղթերի ու լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկա էին ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարները, ովքեր Երևան էին ժամանել մասնակցելու իրենց հերթական խորհրդաժողովին , ինչպես նաև Արխիվների միջազգային խորհրդի «Եվրասիկա» տարածաշրջանային բաժանմունքի հերթական` 10-րդ համաժողովի աշխատանքներին , նաև ՀԱԱ 85-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին: Հանրապետության անվանի մտավորականները, պատմաբանները և քաղաքական գործիչները եկել էին իրենց հարգանքի ու գնահատականի խոսքն ասելու: ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը բացման խոսքից հետո ազգային արխիվի և ՀՀ արտաքին գործերի նախարարության համագործակցության շարունակության և արդյունավետության մասին ևս մեկ անգամ հավաստեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար,պատմական գիտությունների դոկտոր Ա. Կիրակոսյանը: Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի գլխավոր ֆոնդապահ Գ. Տեր-Վարդանյանը հակիրճ պատմական էքսկուրս կատարեց դեպի հայկական արխիվների ստեղծման սկզբնաղբյուրենրը, ապա խոսեց Մատենադարանի ու ազգային արխիվի մերօրյա համագործակցության մասին` օրվա տոնը համարելով ոչ միայն արխիվի, այլև իրենց տոնը: Շնորհավորական ուղերձներ ընթերցեցին Երևանի հումանիտար քոլեջի տնօրեն Հ. Հակոբջանյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Ա. Սարգսյանը: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանը բարձր գնահատեց ՀԱԱ դերը` որպես գիտական օջախի և ապագա պատմաբանների կայացման պատասխանատու գործում ցուցաբերած հոգատարության դրսևորման շնորհակալ գործում: Այնուհետև ներկաները դիտեցին արխիվային գործի կազմակերպման պատմությունը ներկայացնող շուրջ 100 փաստաթղթերն ու ավելի քան 50 լուսանկարները:
< կարդալ բոլորը
