2009 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանում` «Հրազդան» հյուրանոցի նիստերի դահլիճում , տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդաժողովի և Արխիվների միջազգային խորհրդի (ԱՄԽ) Եվրասիկական տարածաշրջանային բաժանմունքի («Եվրասիկա») հերթական` 10-րդ համաժողովի հանդիսավոր բացումը: Այս առիթով Երևան էին ժամանել Բելոռուսի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուզբեկստանի, Ուկրաինայի արխիվագետների պատվիրակությունները:Դիտորդի կարգավիճակով ներկա էր Լատվիայի պետական արխիվների գլխավոր տնօրենը: Նիստը նախագահում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, Ռուսաստանի Դաշնության արխիվային գործակալության ղեկավարի տեղակալ Վ. Տարասովը: Հայաստանում արխիվային գործի պետական լիազոր մարմնի անունից ողջունելով ներկաներին` Վ. Տերտերյանը նշեց, որ ՀՀ նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը խորապես գիտակցում են արխիվային գործի դերն ու նշանակությունը և միջոցառումներ իրականացնում Հայաստանի ազգային արխիվի գործունեության աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական զինվածության ապահովման ուղղությամբ:Նա կարևորեց նաև արխիվային գործի զարգացման ծրագրի իրականացման համար ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների հետ համագործակցությունը: Այնուհետև ՀԱԱ փոխտնօրեն Ս. Միրզոյանն ընթերցեց ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի ողջույնի ուղերձը, ուր մասնակիորեն ասված է. «ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդաժողովի հերթական նիստի և Արխիվային միջազգային խորհրդի Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի «Եվրասիկա» 10-րդ համաժողովի անցկացումը Երևանում, ինձ հաճելի հնարավորություն են ընձեռում ողջունելու նիստերի մասնակիցներին և խորը գոհունակություն արտահայտելու արխիվային գործի ոլորտում մեր երկրների օրավուր ամրապնդվող համագործակցության առիթով…»: Ռուսաստանի Դաշնության արխիվային գործակալության ղեկավարի տեղակալ Վլ. Տարասովը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ խորհրդաժողովի մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների պետական արխիվների գործունեության հիմնական ուղղությունները անցյալ` 2008 թվականի ընթացքում: Արխիվային գործի բնագավառում արձանագրված որոշակի դրական տեղաշարժերի, հիմնարար ձեռքբերումների, նաև դժվարությունների ու խոչընդոտների մասին տեղեկատվությամբ հանդես եկան վերոհիշյալ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարները: Յուրաքանչյուր զեկուցմանը հաջորդում էին հարց ու պատասխանները: Կարճատև ընդմիջումից հետո` կայացավ ԱՄԽ-ի <Եվրասիկա> տարածաշրջանային բաժանմունքի աշխատանքային նիստը, որը վարում էր բաժանմունքի նախագահ , ՀԱԱ տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Ա. Վիրաբյանը:

< կարդալ բոլորը
