հայերեն русский english
Փնտրել
 





Հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ-ում արխիվային գործի հիմնադրման 85-ամյակին
2009-10-30

Հոկտեմբերի 30-ի  երեկոյան տոնական մթնոլորտ էր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի կամարների ներքո: Հիմնադրման և Հայաստանի ազգային արխիվի 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը, ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների  պատվիրակները, մշակույթի, գիտության, կրթության բուհական համակարգի ներկայացուցիչները, արխիվային գործի վետերանները, ՀԱԱ աշխատակիցները: Շնորհավորելով արխիվային համակարգի աշխատակիցներին տոնի` հանրապետությունում արխիվային գործի հիմնադրման  և ՀԱԱ 85-ամյակի առթիվ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը նրանց մաղթեց առողջություն, համբերատարություն և հավաստիացրեց, որ ազգային արխիվը գտնվելու է պետության հոգածության և ուշադրության կենտրոնում: ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը ներկայացրեց հանրապետությունում արխիվային գործի անցած 85-ամյա ուղին` պատմական ժամանակներից մինչև մեր օրերը: Խոսեց արվածի և անելիքների մասին, հիշատակեց  ոլորտի երախտավորներին: Անդրադարձավ վերջին տարիների ՀԱԱ գործունեության առավել կարևոր իրադարձություններին և ամփոփելով իր խոսքն` ասաց.«85-ամյա համակարգը ակնհայտ բարձունքի է հասել: Կասկածից վեր է, որ այդ նվաճումները զարգացնելու և նոր, լուրջ ձեռքբերումների հասնելու համար կարևոր նախապայման է նաև այն, որ մենք` արխիվագետներս, ոլորտի գործունեությունը չդիտենք որպես ինքնանպատակ, համազգային ու համապետական խնդիրներից տարանջատ գործողությունների շարան:Պետական արխիվային ծառայության աշխատանքը պետք է ի սպաս դրվի երկրում` անկախ պետականության կայացման ու ամրապնդման գործին, օգնի ծառացած համապետական ու համազգային խնդիրների լուծմանը…»: Արխիվային համակարգում երկարամյա և բարեխիղճ աշխատանքի և արխիվի հիմնադրման 85-ամյակի առթիվ, ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով պարգևատրվեցին արխիվի 8 աշխատակիցները: 50 աշխատակիցներ արժանացան ՀԱԱ տնօրենի շնորհակալագրերի: Հոբելյանի առթիվ գործընկերներին շնորհավորեց և ազգային հուշանվերներ հանձնեցին Բելոռուսից, Ղազախստանից, Ղըրղըզստանից, Լատվիայից, Ռուսաստանի Դաշնությունից,  Ուզբեկստանից, Ուկրաինայից ժամանած հյուրերը: Երեկոյի ավարտին  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի արխիվի տնօրեն Տեր-Ասողիկ քահանա Կարապետյանը կարդաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական օրհնությունը:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY