2010 թվականի հունվարի 13-ին աշխատանքային այցով Հայաստանի ազգային արխիվում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանը և նրան ուղեկցող անձինք:Տեղի ունեցավ գործնական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀԱԱ փոխտնօրենները, բաժնի վարիչները, պատասխանատու այլ աշխատողներ: Ողջունելով ներկաներին` նախարարը շնորհավորեց նրանց Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի տոների առիթով և մաղթեց առողջություն, հաջողություն: «Ես առաջին անգամը չէ, որ ազգային արխիվում եմ, բայց առաջին անգամն է, որ նման հանդիպում է տեղի ունենում, և ես հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կդառնա ավանդույթ»: 2009 թվականի աշխատանքային ծրագրերի կատարման և 2010 թվականին նախատեսված հիմնական աշխատատեսակների ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը: Հիմնական շեշտադրումներ կատարվեցին ՀԱԱ այն գործառույթների վրա, որոնք հասարակական հնչեղություն ունեն: Այսպես. 2009 թ. ընթացքում ազգային արխիվն ունեցել է 24.500 սոցիալ-իրավական բնույթի հարցում, որից բացասական ելքով` մոտ 2000-ը, այս վերջին դեպքում քաղաքացիները ստացել են խորհրդատվական օգնություն: Ընդունվել է մոտ 100 հազար գործ:Ծրագրված 277.200-ի փոխարեն վերականգնվել և վերանորոգվել է 971 թերթ արխիվային փաստաթուղթ: Այսպիսով` 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.569 արխիվային ֆոնդ` 3.453.204 արխիվային գործերով , 342.123 պ.մ. կինոֆոտոֆոնո փաստաթուղթ: Բազմաթիվ հրապարակումներ, ռադիոհեռուստահաղորդումներ են կազմակերպվել, ընդ որում, արդեն մի քանի տարի է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով եթեր են հեռարձակվում «Այսօր» ամենօրյա հաղորդաշարը, հանրային ռադիոյով` ամենշաբաթյա «Թղթապանակ համար...», «Հայաստանի ազգային արխիվի վավերագրերը խոսում են» խորագրով հաղորդումները: Փաստաթղթերի ժողովածուների հրապարակումները ՀԱԱ գործունեության կարևոր օղակն են: 2009 թ.-ի տարեվերջին լույս տեսավ «Արամ Մանուկյան» փաստաթղթերի ժողովածուն: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսուհետ ՀԱԱ-ն մշտապես արձագանքելու է պատմամշակութային կարևոր իրադարձություններին, հոբելյանական տարելիցներին /ցուցահանդեսներ նաև արտագնա, փաստագրական ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ, հրապարակումներ/: Ընթացքի մեջ են մարզային մասնաճյուղերի շենք-շինությունների սեփականաշնորհման անհատույց, անժամկետ կամ վարձակալությամբ օգտագործման տրված գործընթացները:Ա. Վիրաբյանն անդրադարձավ օրախնդիր դարձած էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման խնդրին, լուծման առաջնային նախապայման է նոր ծրագրի ներդրումը, որը ֆինանսական հատկացումներ է պահանջում: Առաջնային է նաև արխիվային փաստաթղթերի երկարակեցությունն ապահովող օդորակման համակարգի ներդրման աշխատանքներն ավարտին հասցնելու խնդիրը:Օրախնդիր է արխիվապահոցների ծանրաբեռնվածությունը, որի լուծման հնարավոր տարբերակներից է տեխնիկական հարկերի վերակառուցումը արխիվապահոցներում: Եթե առաջինը ՀԱԱ-ն կիրականացնի սեփական միջոցներով, ապա արխիվապահոցների վերակառուցման համար Ա. Վիրաբյանը խնդրեց փոխվարչապետին` կառավարության պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել: Այնուհետև խորհրդակցության մասնակիցները խոսեցին իրենց հուզող հարցերի մասին: Երկրում տեղի ունեցող պատմաքաղաքական կարևոր իրադարձություններն արտացոլող փաստավավերագրական /ինչու չէ նաև գեղարվեստական/ ֆիլմերի պարտադիր օրինակ ունենալու անհրաժեշտության մտահոգության առիթով, փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց խնդիրը քննարկել պետական տեղեկատվական գործակալությունների և իրավասու համապատասխան կազմակերպությունների հետ: Ի պատասխան որոշ համայնքապետների` դեռևս խորհրդային տարիների կոլխոզ-սովխոզների արխիվային փաստաթղթերը ազգային արխիվին հանձնելու հարցում խոչընդոտներ հարուցելուն, Ա. Գևորգյանը հանձնարարեց ներկայացնել այդ համայնքների ցանկը` խնդիրն առաջիկայում մարզպետների հետ քննարկելու համար: Հանդիպման ավարտին փոխվարչապետը նշեց, որ ինքը բոլոր հիմքերն ունի Հայաստանի ազգային արխիվի աշխատանքը բավարար գնահատելու: Նա նաև հիշեցրեց, որ 2010 թվականին ՀՀ վերահսկիչ պալատն իրականացնելու է ֆինանսատնտեսական ստուգումներ` պետական միջոցների նպատակային օգտագործման իրական պատկերը պարզելու նպատակով:Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ՀԱԱ-ն պատվով դուրս կգա այդ ստուգումներից: Ինչ վերաբերում է ՀԱԱ գործունեությանն ընդհանրապես, ապա ինչպես նախորդ, այնպես էլ այս տարին բացառություն չի լինի և ՀԱԱ-ն կշարունակի իր պատասխանատու, ազգօգուտ աշխատանքը: «Մեթոդական խնդիրների լուծումը արխիվագետներն ավելի լավ գիտեն, իսկ ընթացիկ հարցերը` կլուծվեն»,- հավաստիացրեց նախարարը և խոստացավ, որ այսուհետ տարին առնվազն երկու անգամ ինքն անձմաբ կլինի տարածքային կառավարման նախաարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային արխիվում:
< կարդալ բոլորը
