2010 թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀԱԱ տնօրենի տեղակալները, բաժինների վարիչները և պատասխանատու այլ աշխատողներ: Բացելով նիստը` ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նախ շնորհավորեց ներկա կանանց ապրիլի 7-ի` մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, այնուհետև անդրադարձավ 2010 թվականի առաջին եռամսյակում կատարած ծրագրով նախատեսված աշխատանքներին, այդ թվում` մարտի 10-23-ը տեղի ունեցած ՀԱԱ աշխատողների ատեստավորման գործընթացին` այն գնահատելով դրական: Այնուհետև բաժինների վարիչները ներկայացրեցին առաջին եռամսյակում կատարած աշխատանքները` անդրադառնալով հիմնական աշխաատատեսակներին: Նրանք խոսեցին նաև իրենց այն խնդիրների մասին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Ամփոփելով նիստի ընթացքում հնչած ելույթները` ՀԱԱ տնօրենը նշեց, որ Հայաստանի ազգային արխիվը 2010 թվականը բարեհաջող է սկսել և աշխատում է արդյունավետ: Սակայն դեռևս շատ խնդիրներ կան, իսկ դրանցից ամենացավոտը եղել ու մնում է կադրերի հարցը: Դեռևս անցյալ տարի` 2009-ին կազմակերպած կադրերի վերապատրաստման դասընթացները պետք է վերսկսել, իսկ դրանց արդյունավետության ապահովման համար, այն պետք է անցկացնել բաժին առ բաժին: Ինչ վերաբերում է բաժինների աշխատանքներին, ապա այսուհետ դրանց կատարման ընթացքը կվերահսկվի յուրաքանչյուր ամիս: Քաղաքացիների սոցիալ-իրավական /նաև թեմատիկ/ բնույթի հարցումներին ժամանակին և արդյունավետ պատասխանելը արխիվային կարևորագույն գործառույթներից է: Այս առումով, բարեբախտաբար, ՀԱԱ-ում լուրջ խնդիրներ չկան: Աշխատանքները դրվատանքի են արժանի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղում, ուր սկսված է առկայության ստուգման հսկայածավալ աշխատանք: 2007-2010 թվականների կտրվածքով ՀԱԱ յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է ունենալ ծրագրով նախատեսված աշխատանքների մասին հաշվետվություն: Նիստի ավարտին տնօրենը հանձնարարեց 2010 թ. առաջին եռամսյակում կատարած աշխատանքներն ամփոփել նաև ՀԱԱ մարզային մասնաճյուղերում:
§Աշխատանքային տարվա հաջող սկիզբը հաջող ընթացքի գրավականն է¦,- համոզմունք հայտնեց Ա. Վիրաբյանը:
< կարդալ բոլորը
