ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է
2010-06-29 Օրերս Հայաստանի ազգային արխիվի անձնական արխիվային ֆոնդերի ստվար ցանկը համալրվեց ևս մեկով: Ամերիկաբնակ Կարպիս Ֆեսչյանը նվիրատվությամբ ազգային արխիվին է հանձնել իր ստեղծագործական 40 տարիները լուսաբանող փաստաթղթերը, որոնք հայկական թատերարվեստին անմնացորդ նվիրումի վկայագրեր են: Կարպիս Օննիկի Ֆեսչյանը դեռևս 1948 թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան` Ռումինիայի Կոստանցա քաղաքից: Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստանալով Երևանում` նա աշխատել է Գորիսի, Կամոյի պետական թատրոններում, Երևանի երաժշտական կոմեդիայի , Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոններում Համամիութենական և հանրապետական փառատոների բազմակի դափնեկիր և ոսկե մեդալակիր, Ֆեսչյանը պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով, «Արիության» և ԽՍՀՄ ՅՏՆՑ-ի կրկնակի ոսկե մեդալներով: 1990 թ. Կ. Ֆեսչյանն ընտանիքով արտագաղթել է Միացյալ Նահանգներ: Սկզբում հաստատվելով Բոստոնում` նա ղեկավարում է «Համազգայինի» թատերախումբը, ապա տեղափոխվելով Լոս-Անջելես, մինչև օրս նա ղեկավարում է իր թատերախումբը: Կ. Ֆեսչյանը, բացի ռեժիսորությունից, զբաղվել է և զբաղվում է մանկավարժությամբ: ՀԱԱ ի պահ տված փաստաթղթերը հիմնականում լուսանկարներ և հանրապետական և սփյուռքի հայկական մամուլում լույս տեսած հոդվածներ, արտացոլում են հարուստ ավանդույթներ ունեցող հայկական թատերարվեստի որոշակի ժամանակաշրջանը: Հաշվի առնելով փաստաթղթերի բնույթը` դրանք կպահպանվեն ՀԱԱ կինոֆոտոֆոնո և ապահովագրական պատճենների մասնաճյուղում: Հայաստանի ազգային արխիվը բարձր է գնահատում Կարպիս Ֆեսչյանի այս քայլը և հույս է հայտնում, որ նրա օրինակին կհետևեն աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող հայորդիները:
< կարդալ բոլորը
