հայերեն русский english
Փնտրել
 





<<Զարե>>-ի ցուցադրությունը քրդական կինոփառատոնի շրջանակներում
2011-02-22

2011 թվականի փետրվարի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած «Իֆ Ստամբուլ» քրդական կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Զարե» սև-սպիտակ, համր  ֆիլմը` որպես քրդական կինեմատոգրաֆի պատմության առաջին ֆիլմ: 1926 թվականին նկարահանված այս ֆիլմը Զարեի ու Սեյդոի սիրո պատմությունն է: Ֆիլմի գործողությունները ծավալվում են քրդական մի գյուղում: Ֆիլմի դերակատարները, հայ թատրոնի դերասաններ, կրում են քրդական ազգային տարազներ: Ֆիլմը ներկայացնում է քրդական ազգային ավանդույթները, որոնց դեմ ընդվզում են ֆիլմի հերոսները` հանուն իրենց սիրո:
   Ֆիլմը մեկանգամյա ցուցադրման էր տրամադրել Հայաստանի ազգային արխիվը: Ընձեռած եզակի հնարավորության համար փառատոնի տնօրենը շնորհակալություն հայտնեց: Հայտարարվեց սպասվող անականկալի մասին` մինչ «Զարե» ֆիլմի ցուցադրումը, ցուցադրվելու էր Հրանտ Դինքին նվիրված անիմացիոն ֆիլմը:
ՀԱԱ ներկայացուցիչը` կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ Անահիտ Գալստյանի վկայությամբ, կինոփառատոնի  կազմակերպիչները նախօրոք ծավալուն գովազդային հրապարակման աշխատանք էին կատարել, անդրադարձ էր եղել նաև «Ակոս» թերթում, և պատահական չէր այն մեծ հետաքրքրությունը, որ կար ֆիլմի նկատմամբ, որով էլ պայմանավորված էր լեփ-լեցուն դահլիճը: Այդ մասին է վկայում նաև թուրքական «bodays Zaman » թերթը:
   Ֆիլմի ցուցադրումն ուղեկցվում էր քուրդ տավղահարուհի Թարա Ջաֆի կենդանի նվագակցությամբ: Ռուսերեն լեզվով տեքստերին զուգահեռ, միաժամանակ տրվում էին թուրքերեն և անգլերեն լեզուներով տիտրերը` կատարված փառատոնի կազմակերպիչների կողմից:
   Թուրքական «Hurriyet Daily News»-ին տված իր հարցազրույցում  քուրդ ռեժիսյոր, միջազգային մրցանակի դափնեկիր Քյազիմ Օզին, բնորոշելով «Զարե»-ն , որպես քրդական կինեմատոգրաֆի պատմության առաջին ֆիլմ, ուրախությամբ նշեց, որ ֆիլմի ցուցադրումը ոչ միայն իր, այլև մյուս հանդիսատեսների համար ունի առանձնահատուկ նշանակություն:
   Ցուցադրումից հետո Ա. Գալստյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY