2007 թվականի դեկտեմբերի 3-ին, բազմամարդ էր Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահը: Ֆրանսահայ նշանավոր գեղանկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) ծննդյան 100-անյակին նվիրված “Գառզուն Հայաստանում” խորագրով արխիվային փաստաթղթերի ու նյութերի ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, անվանի արվեստագետներ, լրագրողներ, արխիվագետներ, հյուրեր: “Գառզուն հազարավոր թելերով կապված է եղել Մայր Հայրենիքի հետ…”
իր բացման խոսքում ասաց ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը: Դրա փայլուն վկայությունն են ցուցադրված փաստաթղթերը` պաշտոնական գրագրություն` նամակներ, հրավերներ, առաջարկներ, պարգևատրման վկայագրեր: Հայաստանաբնակ գործընկերների հետ ջերմ նամակագրություն, ցուցահանդեսների ազդագրեր, ստեղծագործությունների համացանկեր, մամուլում լույս տեսած հոդվածներ, խոսուն լուսանկարներ` անհատական, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հակոբյանի, Մհեր Աբեղյանի, Մինասի, Խաչատուր Եսայանի, Սարգիս Մուրադյանի և այլ անվանի հայ և այլ ազգի նկարիչների, արվեստագետների հետ: 1976 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայում թողարկվեց դրոշմանիշ` Գառզուի կտավներից մեկի արտատպությամբ: Հեղինակի մակագրությամբ դրոշմանիշների ցուցափեղկը գրավում է այցելուների ուշադրությունը: Ցուցադրության մասին հետաքրքրության ու գոհունակության խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը:
Արվեստագետ, ՀԱԱ փոխտնօրեն Գ. Զաքոյանը կարևորեց նմանատիպ ցուցադրությունների անհրաժեշտությունը`
“Որպեսզի մեր մեծերը միշտ լինեն մեզ հետ…”:
Թերևս այս մտադրությամբ նրա և նրա գործընկերների ջանքերով ստեղծած մեծատաղանդ, բազմաթիվ մրցանակների արժանացած նկարչի`Գառզուի մասին տեսաֆիլմն ամբողջացրեց ցուցադրության թողած տպավորությունը: Իսկ այցելուների` Գառզուի ին քնատիպ արվեստի հետ կենդանի շփման միջոց դարձավ վերջինիս “Կզղին” կտավը (մասնավոր հավաքածու), տեղադրված ցուցասրահի մի անկյունում` նկարակալի վրա:
< կարդալ բոլորը
