2007 թվականի դեկտեմբերի 20-ին լեփ – լեցուն էր Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի ազգային արխիվի` երջանկահիշատակ Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց կաթողիկոսի մահվան 100-րդ տարելիցին նվիրված արխիվային փաստաթղթերի և Վեհափառի անձնական իրերի ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Եվ դա պատահական չէր. “Ամեն մարդ երկու հայր ունի` իրը և Ամենայն Հայոց Խրիմյան Հայրիկը” այսպես է բնութագրել Հայոց հոգելույց Հայրապետին Տ.Տ. Վազգեն Ա կաթողիկոսը :
Լուսամիտ, արդար, ուղղամիտ, հայ ազատագրության շեփորահար Խրիմյան Հայրիկի կյանքն ու եկեղեցական գործունեությունն արտացոլող ամենատարբեր բնույթի փաստաթղթերը` կաթողիկոսական կոնդակները, շրջաբերականները, գրությունները, նամակները, վեհաժողովները, լուսանկարները լուռ վկաներն են իր ժողովրդի ու եկեղեցու տառապանքով ու վշտով ապրող Հայրիկի` իր ժողովրդին անսահման նվիրվածության: Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, ճեմարանականներ, մտավորականներ, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արխիվագետներ: Բացման խոսքում, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, կարևորելով ցուցադրության ճանաչողական դերը, ներկաներին հակիրճ ներկայացրեց պատմական այն դժվարին ժամանակաշրջանը, որ համընկավ Խրիմյան Հայրիկի կաթողիկոսական գահակալության տ
արիներին (1892 -1907 թթ.): Արարատյան հայապետական թեմի առաջնորդական փոխանորդ արքեպիսկոպոս Կճոյանը Խրիմյան Հայրիկին բնութագրեց արևմտահայ պոեզիայի մեծերից` Սիամանթոյի խոսքերով` “Հայոց ազատության գահակիր”: Պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կոստանդյանը, որ հեղինակ է կաթողիկոսի մասին ծավալուն աշխատության, հույս հայտնեց, որ Հայաստանի ազգային արխիվը, ի դեմս տնօրենը, հետամուտ կլինի Ռուսաստանի Դաշնային արխիվից Խրիմյան Հայրիկի մասին արխիվային նյութերը Հայրենիք տեղափոխելուն: Տեր Եղիշե ավագ քահանա Սարգսյանը ներկաներին պատգամեց ապրել հայ և հայի զավակ, այնպես ինչպես կպատգամեր հոգելույց կաթողիկոսը, որի շիրիմի մոտ աղոթել էր` ցուցադրությանը մասնակցելուց առաջ: Վան – Վասպուրական հայրենակցական միության նախագահ Հովնանյանը գոհունակության ու շնորհակալանքի խոսք ասաց ցուցադրության կազմակերպիչներին:
< կարդալ բոլորը
