2008 թ. սեպտեմբերի 25-ին, լրացավ հայ ականավոր պետական ու քաղաքական
գործիչ Յակով Նիկոլայի Զառոբյանի (Հակոբ Մկրտիչի Զոհրաբյան) ծննդյան 100-ամյակը:Այս առիթով, Հայաստանի ազգային արխիվը կազմակերպել էր արխիվային փաստաթղթերի և նյութերի ցուցադրություն: Ցուցադրության բացման արարողությանը ներկա էին Յա. Զարոբյանի հարազատները, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, փոխնախարար Հ. Գյուրջյանը, հոբելյարի հետ աշխատած պետական պաշտոնյաներ, գործընկերներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հանրապետության ճանաչված մտավորականներ, պատմաբաններ, արխիվագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը ներկաներին ծանոթացրեց Յա. Զարոբյանի կյանքի և գործունեության անցած ուղուն, վերջինիս, հատկապես անցյալ դարի 60-ական թթ. պետական գործունեության տարիները, երբ Զարոբյանը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն էր անվանելով այդ ժամանակաշրջանի "ազգային զարթոնքի" տարիներ:
Գործընկերոջ մասին հետաքրքիր հուշեր պատմեց 60-ականների կենտկոմի քարտուղար, ապա նաև ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահ Եղիշե Ասծատրյանը:
Յա. Զարուբյանի որդին` Նիկիտա Զարոբյանը, ներկաներին տեղեկացրեց, որ վերջերս լույս է տեսել իր "Յակով Զարոբյանը և նրա ժամանակաշրջանը" գիրքը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հատկապես ընդգծեց այն կարևորագույն երեք համարձակ քայլերը, որ միայն հայրենասեր պետական այրը կարող էր կատարել. այն է` բարձրաձայնել Մեծ Եղեռնի իրողությունը, Սևանի պահպանման խնդիրը դարձնել քննարկման առարկա` վերին ատյաններում, քայլեր ձեռնարկել Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնելու ուղղությամբ:
Ներկաները հետաքրքրությամբ լսեցին Մենեջմենթի համալսարանի ռեկտոր Ռուբեն Առուշանյանի հուշերը Յա. Զարոբյանի մասին:
Ցուցադրված բազմաբնույթ փաստաթղթերը` ՀԿԿ կենտկոմի բյուրոյի, ՀԽՍՀ նախարարների խորհրդի նիստերի արձանագրությունները, որոշումները, կարգադրությունները, Յա. Զարոբյանի ծնողների, զավակների, հարազատների ընտանեկան լուսանկարները, պետական, քաղաքական, կուսակցական, մշակույթի, գիտության ականավոր գործիչների խմբանկարները, ևս մեկ անգամ հավասարեցին, որ "Ազգերի զարգացման գործընթացում հաճախ վճռորող գործոն է պետական գործչի անհատականության դրսևորումը:" Իսկ Յակով Զարոբյանն այդպիսի անհատականություն էր:
Այս ցուցադրությունը, նրա 100-ամյակի առթիվ կայանալիք միջոցառումների շարքում, առաջիններ էր:
< կարդալ բոլորը
