հայերեն русский english
Փնտրել
 





Վազգեն Ա. Պալճյան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրությունը
2008-10-10

2008 թվականի հոկտեմբերի 10-ին բազմամարդ էր Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահը: Երջանկահիշատակ Վազգեն Ա. Պալճյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան  100-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի եւ նյութերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի ազգային արխիվի համատեղ ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել:Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլ. Բարխուդարյանը, հոգեւորականներ, մտավորականներ, Գեւորգյան ճեմարանի սաներ, արխիվագետներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը:Նա նշեց, որ Հայաստանի ազգային արխիվը մշտապես արձագանքում է հայ մշակույթի, գիտության, քաղաքական եւ պետական ականավոր գործիչների հոբելյանական տարելիցներին:Ներկայիս ցուցահանդեսը, օրեր առաջ ,հոկտեմբերի 3-ին, ցուցադրվել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնի ճեմասրոհում՝ Վեհափառ  Հայրապետի ծննդյան հարյուրամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ընթացքում:Սակայն այս ցուցահանդեսը կգործի տեւական ժամանակ՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ծանոթանալու Վեհափառի կյանքի, հոգեւոր գործունեության կարեւոր իրադարձություններին ուսանելի պատգամներին:Ցուցահանդեսի բացման առիթով գոհունակության,շնորհակալանքի խոսք ասացին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Վլ. Բարխուդարյանը, պատմական գիտությունների դոկտոր Է. Կոստանյանը:Եղիշե ավագ քահանա Սարգսյանը Ներկաներին հաղորդեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ողջույնի խոսքը:Նա իր խոսքն ավարտեց «Լույս, աղոթք եւ խունկ մաքրամաքուր Վեհապառին...» բառերով՝ հայացքն ուղղելով Վազգեն Ա-ի մեծադիր լուսանկարին:Ասողիկ քահանա Կարապետյանը իր սրտի խոսքն ասաց՝ որպես երիտասարդ հոգեւորական:Նա նաեւ հավաստիացրեց, որ բոլոր ժամանակների կաթողիկոսներն իրենց ժողովրդի բարօրության ջատագովներն ու նվիրյալներն են եղել:180 փաստաթուղթ եւ լուսանկար է ներկայացված ցուցահանդեսում:Կաթողիկոսական կոնդակներ, շրջաբերականներ, պաշտոնական գրություններ, նամակներ, հեռագրեր, վկայականներ, մանկության, պատանեկության, հասուն տարիքի լուսանկարներ, խմբանկարներ ծնողների, հարազատների, մշակույթի անվանի գործիչների՝ Վիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Մետաքսյա Սիմոնյանի, տարբեր դավանանքի ու ազգությունների բարձրաստիճան հոգեւորականների, քաղաքական եւ պետական գործիչների հետ, անձնական իրեր.ահա ոչ լրիվ ցանկը բազմաբնույթ փաստաթղթերի, որոնք ներկաների մոտ լույսի, ջերմության, խոնարհումի ու ակնածանքի տեղիք են տալիս:Դահլիճում թեւածում էր Վեհափառ Հայրապետի ձայնը.«Հայե՜ր, հոգեւոր զավակնե՜ր մեր, եղեք մե՜կ կամք, մե՜կ ուրախություն, մե՜կ ցավ, մե՜կ ազգ, մե՜կ ընտանիք...», պատգամում էր այդ սիրելի ու հարազատ ձայնը:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY