2008 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվեց 20-րդ դարի մեծագույն գրող, ամերիկահայ արձակագիր Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ազգային արխիվի եւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի կազմակերպած համատեղ ցուցահանդեսը: «Վիլյամ Սարոյանն ու Հայաստանը» խորագրով փաստաթղթերի
ու նյութերի ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Ա. Գրիգորյանը, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հ. Բախչինյանը, Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Հովհաննիսյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թանգարանի աշխատակիցներ, մանկավարժներ, արխիվագետներ, այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը եւ նշեց, որ 2008 թվականը հարուստ է հոբելյանական տարեթվերով:Լրանում են Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի, գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակները, որոնց հավուր պատշաճի արձագանքել ու արձագանքելու է ազգային արխիվը:
«Մեզանում կան անուններ, որոնք մեզ միավորում են.այդպիսի անուն է Վ. Սարոյանը...»,- ասաց մշակույթի նախարար Հ. Պողոսյանը:
Հ. Բախչինյանը նշեց, որ Վ. Սարոյանը հայ մտքով, հայի հույսով ու հավատով, հայի լույսով հարստացրեց ամերիկյան գրականությունը:Կարծես ի պատասխան ասվածի՝ սրահում հնչեց Վիլյամ Սարոյանի կենդանի ձայնը.«Ես հայ եմ, հայ կսիրեմ, Հայաստան կսիրեմ: Կեցցե՜ հայ ժողովուրդ...» : Էկրանին Սարոյանն էր, նրա թավ ու հարազատ ձայնն ու նույնքան հարազատ դեմքը:Ներկաները հուզմունքվ դիտեցին վավերագրական կադրերը, որոնք պահպանվում են ՀԱԱ-ում:
Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Հովհաննիսյանը մեծ գոհունակությամբ նշեց, որ Սարոյանին նվիրված ամեն մի միջոցառում իրենց ողջ մանկավարժական կոլեկտիվին մեծ ուրախություն է պատճառում:
Ցուցադրված բազմաբնույթ փաստաթղթերը՝ պաշտոնական հրավերները, գրությունները, նամակները, հայ մշակույթի, գիտության անվան գործիչների՝ Վ. Համբարձումյանի, Մ. Սարյանի, Եր. Քոչարի, Ս. Կապուտիկյանի,Հովհ. Շիրազի, Վ. Դավթյանի, Վ. Պետրոսյանի, Ս. Խանզադյանի, պետական կուսակցական գործիչների հետ խմբանկարները, Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի հրավերները, հանրապետական, սփյուռքի հայ եւ օտարալեզու մամուլում լույս տեսած հոդվածներն ու ակնարկներն արտացոլում էին մեծ գրողի՝ Հայաստան այցելությունները՝ 1935, 1960, 1976 եւ 1978 թվականներին:
«Թեեւ անգլերեն կգրեմ եւ հակառակ անոր, որ ծնունդով ամերիկացի մըն եմ, ես զիս կնկատեմ հայ գրող մը...»:
Ցուցահանդեսը սարոյանական այս խոսքերի հավաստումն է:
< կարդալ բոլորը
