2008 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում տեղի ունեցավ «Ուկրաինայի հայկական համայնքը. պատմություն եւ այժմեականություն» խորագրով փաստաթղթերի հայ-ուկրաինական համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանել Ուկրաինայի արխիվագետների պատվիրակությունը՝ Ուկրաինայի արխիվների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ուդոդի գլխավորությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԱ տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը: Վերջինս ողջունեց Ուկրաինայից ժամանած գործընկերներին եւ մյուս հյուրերին: ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ հայ-ուկրաինական ներկայիս հարաբերությունները պատմական բազմադարյան ճանապարհ են անցել, եւ որ ներկայիս ցուցահանդեսը իր տեսակի մեջ առաջինը լինելով, արտացոլում է ոչ թե խոսքի, այլ գործի բարեկամությունը, որի վկան ներկայացված վավերագրերն են: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բարձր գնահատեց երկուստեք՝ հայ եւ ուկրաինացի արխիվագետների կատարած աշխատանքը: Ուկրաինայի արխիվների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ուդոդը, երկու ժողովուրդների՝ հայ եւ ուկրաինացի, պատմական ճակատագրերի նմանություններ գտնելով, ընդգծեց նաեւ, որ նրանք ապրել ու ապրում են կողք կողքի՝ հաշտ ու խաղաղ: Նա նաեւ տեղեկացրեց, որ հայ եւ ուկրաինացի արխիվագետների հետագա համագործակցության արտահայտությունը կդառնա գալիք տարի Ղրիմում կայանալիք հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներին շնորհակալանքի խոսք ասաց Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Ռոմանիա Յավերը: ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Ուկրաինայում հայկական համայնքները ստեղծվել են դեռեւս 11-13-րդ դարերում, եւ որ մեր օրերում էլ հայերը Ուկրաինայում ոչ թե փախստականների, այլ երկրի լիիրավ քաղաքացիների կարգավիճակով են ապրում: Ուկրաինացի արվեստի եւ գրականության պետական արխիվի տնօրեն
Դիանա Պելցը հայ գործըկերներին հանձնեց իրենց ազգային հացը /каравай/՝ ի նշան հայ եւ ուկրաինացի արխիվագետների բարեկամության եւ մաղթեց Հայաստանի ազգային արխիվին՝ լիություն, առատություն ու բեղնավոր գործունեություն այսուհետեւ եւս: Այնուհետեւ ներկաները ծանոթացան Ուկրաինայի պետական արխիվներում եւ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող, Ուկրաինայի հայկական համայնքի պատմությունն արտացոլող առավել հետաքրքիր վավերագրական նյութերին, որոնք ընդգրկված են նաեւ «Ոկրաինայի հայկական համայնքը. պատմություն եւ այժմեականություն» փաստաթղթերի ցուցադրության երկլեզու /հայերեն, ուկրաիներեն/ գրքույկում:
< կարդալ բոլորը
