2008 թվականի նոյեմբերի 28-ին՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում, բացվեց Հայաստանի ազգային արխիվի «Սպիտակի երկրաշարժ. հայացք 20 տարի անց» խորագրով ցուցահանդեսը, որի կազմակերպմանը մասնակցել էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի գլխավոր արխիվային վարչությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին՝ Շիրակի մարզպետ Լ. Նանյանը, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, Մոսկվայի մարզի արխիվային վարչության պետ Պ.Պետրովը, մարզպետարանի եւ Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցներ, լրագրողներ, հյուրեր: 20-րդ դարի վերջի ամենադրամատիկ իրադարձություններից էր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը, որն աշխարհին հայտնի է «Սպիտակի» երկրաշարժ անվանումով: Աշխարհացունց այդ երկրաշարժի արձագանքը լսվում է մինչեւ այժմ, երբ մարդկությունը թեւակոխել է 21-րդ դար: ՀԱԱ տնօրենի տեղակալ Ս.Միրզոյանը բացման խոսքում նշեց, որ առաջին անգամն է, որ ազգային արխիվն այս բնույթի ու ծավալների արտագնա ցուցահանդես է կազմակերպում: ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը ներկաներին ծանոթացրեց այն նյութերին, որոնք ընդգրկված են ցուցահանդեսում: Շիրակի մարզպետ Լ. Նանյանը գոհունակության խոսք ասաց՝ ընդգծելով, որ թեպետ այս ցուցահանդեսին
նախորդել են երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումներ, վերջինս իր տեսակի մեջ եզակի է: Այնուհետեւ ներկաները մեծ հետաքրքրությամբ եւ անթաքույց հուզմունքով դիտեցին ներկայացված փաստաթղթերն ու լուսանկարները: Նախօրեին Գյումրի տեղափոխված 25 վահանակները, թեմատիկ դասակարգման սկզբունքով, ընդգրկել էին ամենատարբեր բնույթի փաստաթղթեր՝ ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ նախարարների խորհուրդների որոշումներ, հրամաններ, քաղվածքներ, նիստերի արձանագրություններ, կարգադրություններ, կառավարական հեռագրեր, դաժան արհավիրքի սահմռկեցուցիչ տեսարաններից մինչեւ մեր օրերին վերածնված քաղաքների լուսանկարներ... Ցուցահանդեսը, առժամանակ Գյումրիում ներկայացվելուց հետո, վերջնական հանգրվան կգտնի Սպիտակի երկրաշարժի թանգարանում:
< կարդալ բոլորը
