հայերեն русский english
Փնտրել
 





«Կորուսյալ Կիլիկիա»
2009-04-21

2009 թ. ապրիլի 21-ին, Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում, տեղի ունեցավ «Կորուսյալ Կիլիկիա» խորագրով արխիվային փաստաթղթերի եւ լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Նախօրեին մեկնարկել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1909 թ. ապրիլին՝ Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների հարյուրամյա տարելիցին:ՀԱԱ կազմակերպած վերոհիշյալ ցուցահանդեսն այս գիտաժողովի տրամաբանական շարունակությունն էր ու փաստագրական հավաստումը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին պատմաբաններ՝ Հայաստանից, սփյուռքից, մտավորականներ, ցեղասպանության թանգարանի աշխատակիցներ, Ադանայի ջարդերից մազապուրծ հայերի ժառանգներ, հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արխիվագետներ, այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը: 1909 թ. Ադանայի կոտորածներն ազդարարեցին հայերի բնաջնջման լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը, որը շարունակվեց առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից հետո: Հայերի դեմ պետականորեն ծրագրված ու իրագործված ցեղասպանության քաղաքականության արդյունքում բնաջնջվեցին մոտ 1,5 մլն հայ:Շուրջ 500 հազար հայ բռնագաղթվեց հայրենի բնօրրանից:Ընդհանուր առմամբ 1909թ. Կիլիկիայի հայության ջարդերին զոհ են գնացել ավելի քան 30.000 հայեր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ ցուցադրված արխիվային նյութերն իսկապես բացառիկ են, ինչպես բացառիկ է եռակի ցեղասպանության զոհ դարձած Կիլիկիան: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վլ.Բարխուդարյանը բարձր գնահատեց ազգային արխիվի կատարած աշխատանքը.«Խորհրդային տարիներին արխիվը կոչվում էր պետական, այսօր այն վերանվանվել է ազգային, մի բան, որ արդարացված է, դատելով այն ծավալուն, ազգանվեր ու ազգօգուտ գործունեությունից, որ հավատարմագրել է Հայաստանի ազգային արխիվը»: Ակադեմիկոսը չմոռացավ նշել, որ հայը պարտավոր է դասեր քաղել պատմությունից եւ մշտապես լինել զգուշավոր՝ դրկիցների հետ հարեւանություն անելիս: «Արարատ» հանդեսի խմբագիր Արամ Արքունը /Նյու-Յորք/ հպարտությամբ եւ ուրախությամբ նշեց, որ Մայր Հայրենիքը կենտրոնն է նման ձեռնարկումների եւ որ գիտական մասշտաբով ներկայացված նման ցուցահանդեսը միայն դրվատանքի է արժանի: Այնուհետեւ ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված նյութերը՝ ավելի քան 100 փաստաթուղթ, մոտ 100 լուսանկար, քարտեզներ:Բացառապես ՀԱԱ ֆոնդերի ընտրած բազմաբնույթ փաստաթղթերը՝ կաթողիկոսական կոնդակներ, Կ. Պոլսի ազգային կեդրոնական վարչության, Կիլիկիո որբախնամ կեդրոնական հանձնաժողովի գրություններ, նամակներ, ահազանգեր, խնդրագրեր, Թուրքիայում ու Կիլիկիայում սկսված հայկական նոր կոտորածների մասին: Մոսկվայի, Պետրոգրադի, Նոր Նախիջեւանի, Բաքվի, Թիֆլիսի թերթերին տրված կաթողիկոսական /Սբ.Էջմիածին/ դիվանի հեռագրեր, տեղեկագրեր՝ Այնթապի, Մարաշի, Զեյթունի, Ամանոսի բնակչության ռազմամթերքի, կռվող ուժի, ռազմական դիրքի, Սասունի, Կարինի, Զեյթունի, Վասպուրականի 1894-96 թ.թ. կոտործաների ու էլի շատ ու շատ արժեքավոր փաստաթղթեր, մեծ հետաքրքրություն էին առաջացրել ներկաների շրջանում:Ժամանակագրական կարգով՝ 1895-1920 թ.թ. ընդգրկումով ներկայացված փաստաթղթերի կենտրոնական մասում Ամենայն Հայոց Մաթեոս Բ կաթողիկոսի օրհնության կոնդակն է՝ Մեծի Տանն Կիլիկիո Սահակ Բ կաթողիկոսին, Կ. Պոլսի, Երուսաղեմի պատրիարքներին եւ ընդհանուր հոգեւորականությանը /24 սեպտեմբեր, 1909, Սբ. Էջմիածին/: Ինչ վերաբերում է ցուցադրված լուսանկարներին, ապա կոտորածների սահմռկեցուցիչ տեսարանների կողքով անտարբեր անցնել հնարավոր չի: Ցուցահանդեսի առաջին այցելուներին՝ անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին, նրա տիկնոջը եւ մյուս հյուրեին, ՀԱԱ տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման բաժնի վարիչ Գոհար Ավագյանը, որ նաեւ այս ցուցադրության համակարգող-պատասխանատուն է, մանրամասն ներկայացրեց ցուցադրված նյութերը: «Կորուսյալ Կիլիկիա» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 10-ը:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY