2009թ. մայիսի 19-ին, Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում, տեղի ունեցավ ականավոր գիտնական, պատմաբան, դիվանագետ
, պետական քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փաստաթղթերի եւ նյութերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:Ներկա էին ճանաչված դիվանագետներ, անվանի պատմաբաններ, Ջ.Կիրակոսյանի զավակները, հարազատները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արխիվագետներ: Բացման խոսքում, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀԱԱ ներկայիս ցուցահանդեսը պետական մակարդակով նշվող հոբելյանական միջոցառումներից մեկն է: 1951 թվականի Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի (որը գոյատեւեց շատ կարճ՝ 1945-1953թ.թ.) շրջանավարտ, «պատմաբան-միջազգայանգետի» մասնագիտությամբ Ջոն Կիրակոսյանը, մոտ 10 տարի՝ 1975-85 թ.թ., գլխավորեց Խորհրդային Հայաստանի արտգործնախարարությունը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ջ.Կիրակոսյանը բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրությունների հեղինակ է: Ուսումնասիրություններ, որոնք առնչվում են միջազգային դիվանագիտության խնդիրներին եւ այդ համատեքստում՝ Հայկական հարցին: Ջոն Կիրակոսյանի մասին իրենց հիշողություններից պատմեցին նրա համակուրսեցիներն ու ընկերները՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին դեկան, ներկայումս ամբիոնի վարիչ Էդվարդ Զոհրաբյանը, պատմաբան Հենրիկ Ազատյանը: Նրանք բոլորը Ջոն Կիրակոսյանին բնորոշեցին որպես եռանդուն, նպատակասլաց, հետեւողական, համարձակ գիտնական եւ պետական գործիչ, սրտացավ ու լավ ընկեր: 1999 թվականի մայիսին, Երեւանի թիվ 20 միջնակարգ դպրոցը վերանվանվեց Ջոն Կիրակոսյանի անունով: Դպրոցը պատվով է կրում այդ պարտավորեցնող անունը, հավաստիացրեց դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Նա գոհունակությամբ նշեց, որ դպրոցի սաներն անպայման կայցելեն Հայաստանի ազգային արխիվ՝ ավելի լավ ծանոթանալու անվանի գիտնականի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստաթղթերին: Ջոն Կիրակոսյանի արժանավոր որդին՝ ՀՀ ներկայիս արտգործնախարար Արման Կիրակոսյան շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին եւ հատկապես ՀԱԱ աշխատակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ կազմակերպվեց այս ցուցահանդեսը:ՀԱԱ-ն համալրվեց Ջոն Կիրակոսյանի անձնական ֆոնդով: Սակայն նրա հսկայածավալ ժառանգության մի զգալի մասը դեռեւս ուսումնասիրված չի: Հեռու չի այն օրը, երբ այդ ողջ ժառանգությունը կամփոփվի ՀԱԱ-ում: Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված 100-ից ավել փաստաթղթերն ու գրեթե նույնքան լուսանկարները:Ներկայացված էին ամենատարբեր բնույթի հետաքրքրիր ու արժեքավոր փաստաթղթեր՝ ուսանողական գրառումներից մինչեւ ծանրակշիռ ուսումնասիրությունների ձեռագիր եւ տպագիր օրինակներ, կենսագրական բնույթի փաստաթղթեր՝ անձնական թերթիկներ, վկայականներ, դիպլոմներ, մանդատներ, շնորհագրեր, դիվանագիտական՝ ի պաշտոնե գործունեությունն արտացոլող փաստաթղթեր,պաշտոնական գրություններ, հաղորդագրություններ, հաշվետվություններ, քաղվածքներ որոշումներից եւ այլն: Ջ. Կիրակոսյանի անհատական, հարազատների, պետական, քաղաքական, մշակույթի անվանի գործիչների հետ լուսանկարները
ամբողջացնում ու շունչ են հաղորդում ցուցադրությանը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիս ամսվա վերջը:
< կարդալ բոլորը
