հայերեն русский english
Փնտրել
 





«Մետամորֆոզ»
2009-07-07

2009 թվականի հուլիսի 6-ին, Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում, բացվեց Լիլիթ Նիկողոսյանի` «Մետամորֆոզ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Դեռևս 1998 թվականին, երիտասարդ նկարչուհին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը` կարմիր դիպլոմով: Այսօր նա աշխատում է ՀԱԱ ավտոմատացված արխիվային տեխնոլոգիաների ներդրման բաժանմունքում` որպես առաջին կարգի ճարտարագետ:
«Առաջին անգամ Լիլիթի ստեղծագործությունները տեսել եմ Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում: Հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ անմիջապես միտք հղացավ` նույնատիպ ցուցադրություն կազմակերպել նաև ազգային արխիվում: Ցանկությունը վերածվեց գործի: Շնորհավորենք Լիլիթին և մաղթենք ստեղծագործական նորանոր հաջողություններ». բացման խոսքում ասաց ՀԱԱ տնօրեն Ա.Վիրաբյանը:
Նկարիչ, վաստակավոր մանկավարժ Ռուբեն Գաբրիելյանը, ով մեծ ավանդ ունի շնորհաշատ պատանիների ու երիտասարդների` կերպարվեստի բնագավառում կայանալու շնորհակալ գործում, ցուցահանդեսի բացման արարողությանը հրավիրված հեռուստալրագրողներին տված հարցազրույցում, դրվատանքի ու գնահատանքի խոսք ասաց իր սանուհու արվեստի մասին:
«Մետամորֆոզը» Լիլիթի արդեն չորրորդ անհատական ցուցահանդեսն է: Այս անգամ ներկայացված են ոչ միայն նկարչուհու խիստ ինքնատիպ, արվեստագետի խոր ու բարդ աշխարհի մասին վկայող, յուրահատուկ ոճի դրսևորմամբ նկարները, այլև կանացի արդուզարդեր` արծաթյա ապարանջաններ, ականջօղեր ու վզնոցներ: Ցուցադրված գործերն անվանումներ չունեն, դրանք միայն հեղինակի խոսուն ստորագրությունն են կրում: Թատերագետ, բանաստեղծ, Նյու Յորքից ժամանած Հրանտ Մարգարյանի խոսքով. «... Ստորագրությունն անգամ այդ ներաշխարհի հետ կը նույնանայ...»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա հանրապետության անվանի արվեստագետը, արվեստասերները, նկարչուհու գործընկեր նկարիչներն ու արխիվագետներն  իսկական, ինքնատիպ, թարմաշունչ ու բարի արվեստի հետ շփվելու հաճելի պահեր ապրեցին:
«Իմ մեջ կուտակվող էներգիան, ես պարպում եմ իմ նկարներում...», ասաց Լիլիթը, շնորհակալություն հայտնելով ընձեռած հնարավորության համար: Այդ էներգիան կհաղորդվի ցուցահանդեսի գալիք այցելուներին: Այն կտևի մինչև հուլիսի 31-ը, կգործի ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից:    



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY