2009թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում հանդիսավորությամ
բ բացվեց Հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան) ծննդյան 130-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի և նյութերի ցուցադրությունը: Այն պետական մակարդակով կազմակերպված հոբելյանական միջոցառումներից երկրորդն էր: Ներկա էին վերոհիշյալ առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամներ` հանրապետության անվանի պատմաբանները, քաղաքական կուսակցական գործիչներ, արխիվագետներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀԱԱ տնօրեն Ա.Վիրաբյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը: Արամ Մանուկյանի կյանքն ամբողջական նվիրվում էր հայ ժողովրդին, նրա ազատության և անկախ պետականության վերականգնման համար մղվող պայքարին:
Ամենուր, որտեղ էլ որ գործել է Արամ Մանուկյանը, աչքի է ընկել քաղաքական հասունությամբ և հեռատեսությամբ, կազմակերպչական բացառիկ ձիրքով, անկոտրում կամքով, իրատեսությամբ և մեծագույն պատասխանատվությամբ` իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ:
Մինչև այժմ մենք ըստ արժանվույն չենք գնահատել Արամ Մանուկյանին, և ժամանակն է այդ բացը լրացնել: Ա.Մանուկյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող արխիվային փաստաթղթերը ժողովածուի հրատարակումը այդ բացը լրացնելու լավագույն միջոցներից մեկը կլինի:
Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքումյանը Արամ Մանուկյանին բնորոշեց որպես մեծահոգի, ազնվագույն, պահը ճիշտ գնահատող, սին պատվախնդրությունից զուրկ, իրատես, գործնական, ճշմարիտ հայրենասեր: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտություններիդոկտոր պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը մեկ անգամ ևս հաստատեց նախորդ գործընկերների ասածը` Արամ Մանուկյանն իսկապես անհատականություն էր, մեծ հայրենասեր, միշտ ժողովրդի կողքին, նրա հոգսերով ու ցավերով ապրող, հիրավի պետական մտածողությամբ եզակի գործիչ, ում ռազմական ունակությունները գնահատում էին նաև թուրք գործիչները:
Է.Մինասյանը կարևորեց կազմակերպված ցուցահանդեսի ճանաչողական մեծ նշանակությունն ու նպատակաուղղվածությունը և հավաստիացրեց , որ ուսանող երիտասարդությանը, դպրոցականներին (և ոչ միայն) այն ոչ միայն կհետաքրքրի, այլև, որ շատ կարևոր է` հայրենասիրության դասեր կտա:
Երիտասարդ պատմաբան Արմեն Սարյանը 2009թ. լույս տեսած «Արամ Մանուկյան. կյանքը և գործը» գրքի հեղինակն է, հետաքրքիր դրվագներ պատմեց, որ մեկ անգամ ևս Արամ Մանուկյանին բնորոշեց որպես ճկուն ռազմական, պետական գործիչ, ոչ թե խոսքով, այլ գործով հայրենասեր, համեստագույն մարդ:
Այնուհետև ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացված փաստաթղթերը, որոնց մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվում: Փաստաթղթերը դասակարգված են որոշակի սկզբունքով. Արամ Մանուկյանը` Վանի նահանգապետ, այդ մասին հավաստող գեներալ-մայոր Նիկոլաևի 1915թ. մայիսի 8-ի համապատասխան հրամանը, նամակներ` ռազմական օգնության խնդրանքով, գրություններ, խնդրագրեր, Ա. Մանուկյանի կոչը` վասպուրականցի տղամարդկանց` Վան վերադառնալու անհրաժեշտության մասին (6 օգոստոսի 1915 թ. ), քանի որ, իր իսկ խոսքով. «… Ընտրելու մեկ բան միայն կը մնար մեզի համար . կամ անձնատուր ըլլալ եւ թողուլ, որ խողխողեն մեզ իբրև ոչխար, կամ մեռնիլ զէն ի ձեռին կռուելով…»:
Հաջորդաբար ներկայացված էին փաստաթղթեր, որոնք արտացոլում են Արամ Մանուկյան` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի գործունեությունը` հրամաններ, կարգադրություններ, գրություններ, շրջաբերականներ:
Ցուցափեղկերից մեկում Ա. Մանուկյանի անձնական իրերն են` զինվորական գորշ կիտել, ժամացույց, բանալիներ, կրծքանշան:
Ցավոք սրտի, Ա.Մանուկյանի անձնական բնույթի փաստաթղթերը շատ չեն (խոսքը ոչ միայն Հայաստանի ազգային արխիվի այլև հանրապետության թանգարանների մասին է): Մի քանի ձեռագրեր, այդ թվում «Վերհուշներ դյուցազնական անցյալից» գրված 1917 թ. ամռան Ղրիմում, ուր նա բուժվում էր, որ ցուցադրման համար տրամադրել է Մ.Մաշտոցի անվան Մատենադարանը, ինչպես նաև վերջինիս մահվան գրանցումը Երևանի Ս.Պողոս-Պետրոս եկեղեցու չափաբերական մատյանում:
Ցուցադրված են նաև մամուլի նյութեր, գրքեր, անհատական լուսանկարներ, ժամանակի պետական, քաղաքական ռազմական գործիչների, վանեցի հայդուկների, տառապյալ գաղթականների խմբանկարներ, որոնք թեպետ համր, սակայն լսելի են դարձնում Արամ Մանուկյանի ձայնը. «…Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին, թե’ ճակատը պաշտպանելու, և թե’ երկրի ներսը կարգ հաստատելու համար…»:
< կարդալ բոլորը
