հայերեն русский english
Փնտրել
 





«Հայրենական մեծ պատերազմի տարիների պլակատները»
2010-03-30

2010 թ. մարտի 30-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում  տեղի ունեցավ ազգային արխիվի և Հայաստանի պատմության թանգարանի կազմակերպած «Հայրենական մեծ պատերազմի տարիների պլակատները» խորագրով համատեղ ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը:Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Հ. Հովհաննիսյանը, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանի պատմության թանգարանի և ազգային արխիվի աշխատակիցներ, այլ հյուրեր: Բացման խոսքում ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նշեց, որ նույն օրը, փաստորեն, Հայաստանում մեկնարկում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները:Իր տեսակի մեջ յուրօրինակ այս ցուցադրությունը առաջինն է, բայց ոչ վերջինը: Հաջորդ անգամ կցուցադրվեն փաստաթղթեր, լուսանկարներ, հուշեր, շքանշաններ և այլ նյութեր, այսինքն այն, ինչ բնորոշ է արխիվային փաստաթղթերի ցուցադրություններին: Մայիս ամսվա սկզբներին բացվելիք ցուցահանդեսում կլուսաբանվի հայ ժողովրդի, այդ թվում նաև սփյուռքահայության մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ա. Վիրաբյանը նշեց նաև, որ ներկայացված են բացառապես բնագրեր, և շատերը` առաջին անգամ:Դրանցից յուրաքանչյուրը ստեղծվել է ռազմական իրադարձությունների հիման վրա և հստակ արտացոլում է պատերազմի ողջ ընթացքը: Հաղթանակի գործում իր լուման է ներդրել նաև ցուցադրական քարոզչությունը: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ևս բարձր գնահատեց ցուցադրական քարոզչության դերը հաղթանակի կերտման գործում` նշելով ներկա ցուցադրության ինքնատիպությունը: Խոսք ասաց պատերազմի վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Հ. Հովհաննիսյանը, ով երկար տարիներ աշխատել է հանրապետության արխիվային համակարգում: Նա շեշտեց ծաղրանկարների գործուն նշանակությունը բարոյահոգեբանական հաղթանակի գործում: Հաղթել կարող է նա, ով ծիծաղել գիտի: Նա նշեց նաև, որ ինքն անձամբ ծանոթ է եղել ժամանակի տաղանդավոր ծաղրանկարիչներին` Սերգեյ Արուտչյան, Աշոտ Մամաջանյան, Շավարշ Հովհաննիսյան, Լևոն Գենչ /Գենչղլյան/, Շահբազ, Սեդրակ Ռազմաճյան, որոնց ծաղրանկարները ներկայացված էին ցուցասրահում: Այնուհետև ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրությունը, որը դեռ երկար կբացի իր դռները այցելուների առջև:

 



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY