հայերեն русский english
Փնտրել
 





ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԻ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2010-04-29

Երևան, 23 ապրիլի: Հայաստանի ազգային արխիվի ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրի` Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրության հանդիսավոր բացում: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանը, սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, արտաքին գործերի փոխնախարար Ա.Կիրակոսյանը, ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ.Դեմոյանը, մտավորականներ, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արխիվագետներ, այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա.Վիրաբյանը: Նա կարևորեց այս ցուցադրությունը` որպես աշխարհի զանազան ծայրերում ու Հայաստանում այս օրերին անցկացվող հիշատակի արարողություններից մեկը, որը հավաստում է պատմական արդարության հասնելու հայերի կամքը, նաև հոգու պարտքը: Ցեղասպանության լուռ, բայց անհերքելի վկա բազմաթիվ փաստաթղթերից այսօրվա դրությամբ էլեկտրոնային շտեմարան են ներառվել 12.000-ը: Հազարավոր լուսանկարներից ցուցադրվել են մի փոքր մասը միայն: Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա դրանց հիմնական մասը ցուցադրվում է առաջին անգամ:
Առաջիկայում հրատարակության են պատրաստվելու հայկական գյուղերի կոտորածների մասին 750 ականատեսների վկյությունները: Մինչև 2015 թվականը այն պիտի ներկայացվի նաև աշխարհի տարբեր լեզուներով: Ինչ վերաբերում է  հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի նշման համազգային ծրագրին, ապա Հայաստանի ազգային արխիվն ամենագործուն մասնակցությունն է բերելու կայանալիք միջոցառումներին:
Ա. Վիրաբյանը ներկաներին տեղյակ պահեց, որ ներկայիս ցուցադրությունը, թվայնացնելուց հետո տեղադրվելու է համացանցում:
Օգտվելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությունից` Ա.Վիրաբյանը դիմեց հանրապետության և նրա սահմաններից դուրս հայ բնակչությանը` հորդորելով վերջիններիս ցեղասպանության վերաբերյալ իրենց ունեցած փաստաթղթերը  հանձնել Հայաստանի ազգային արխիվին, թեկուզ պատճենների ձևով:
ՀՀ  արտաքին գործերի փոխնախարար Ա.Կիրակոսյանը բարձր գնահատեց արխիվագետների կատարած աշխատանքը: Նա կարևորեց ցուցադրությունը ոչ միայն ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրյակին, այլև  այս օրերին տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում: Փաստաթղթերի, նյութերի և լուսանկարների նմանօրինակ ցուցահանդեսի բացումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական արխիվները բաց են ու հասանելի հանրության տարբեր շերտերի, նաև օտարազգի մասնագետների համար:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հ.Դեմոյանը, որ երկու շաբաթ առաջ մասնակցել էր ԱՄՆ-ում կայացած ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին, արժևորեց ցուցադրությունը` որպես վավերագիր  լուրջ փաստարկների առկայության հավաստում, և նշեց, որ այն ոչ միայն նեղ մասնագետների, գիտնականների, պատմաբանների համար է, այլև, որ շատ կարևոր է, հասարակության լայն շրջանակների համար: Ցուցադրությանը նաև փաստացի հերքումն է վերոհիշյալ գիտաժողովի այն թուրք մասնակիցների հայտարարության, թե հայկական արխիվները փակ են ու անմատչելի:
Այնուհետև, ներկաները ծանոթացան ներկայացված բազմաբնույթ փաստաթղթերին: Զանազան տեղեկագրերը, գաղթականների ցուցակները, կոտորածներից ազատվածների անվանացուցակները, զեկուցագրերը, հեռագրերը, հիշատակագրերը, ականատեսների վկայությունները, “Армянский вестник”-ի 1916-1917 թթ. 1-ին օրինակները, Էրզրումի, Երզնկայի, Կիլիկիայի քաղաքների, որբանոցների սաների, Մեծ եղեռնի ժամանակ նահատակված մտավորականների, Վանի ապրիլյան հերոսամարտերի, Օսմանյան Թուրքիայում 1913-1916 թ.թ. ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, Յոհաննես Լեփսիուսի, Ռոբերտ Սեսիլի և այլոց լուսանկարները, ինչպես նաև կոտորածների սահմռկեցուցիչ տեսարանների լուսանկարները չեն կարող անտարբեր թողնել և ոչ մի այցելուի:
Հայերի տեղահանությունների և զանգվածային կոտորածների (1915-1916 թ.թ.), Վանի ապրիլյան հերոսամարտի և այլ քարտեզներն առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում:
Ցուցադրությունը կգործի առաջիկա 10 օրերին:
***
Ապրիլի 24-ին Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները, ի նշան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, հարգանքի տուրքի և հոգու պարտքի ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին Եղեռնի զոհերի հուշակոթողին:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY