հայերեն русский english
Փնտրել
 





«Երեք հանրապետություն: Հայոց պետականության կայացումը»
2010-07-02

2010 թ. հուլիսի 2-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության ընդունման 15 ամյակին նվիրված «Երեք հանրապետություն: Հայոց  պետականության կայացումը» խորագրով փաստաթղթերի  ցուցադրության հանդիսավոր բացումը: Ներկա էին ՀՀ  Սահմանադրական դատարանի  նախագահ  Գ. Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային  կառավարման նախարար Ա. Գևորգյանը, ՀՀ Աժ փոխնախագահ Ս. Նիկոյանը, պաշտոնատար  այլ անձինք, մտավորականներ, զանգվածային լրատվամիջոցների  ներկայացուցիչներ, արխիվագետներ, այլ հյուրեր: Բացման խոսքով  հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը: Հայկական  սահմանադրական միտքը շատ հին պատմություն ունի. ի հաստատումն իր արտահայտած այս մտքի` Ա. Վիրաբյանը անդրադարձավ  պատմական այն տարեթվերին , որոնք  էական նշանակություն են ունեցել պետականության հիմքերի ամրապնդմանը միտված ՀՀ Սահմանադրության ընդունման ճանապարհին: ՀՀ Սահմանադրական դատարանի  նախագահ  Գ. Հարությունյանը նախ ողջունեց ներկաներին` շնորհավորելով ՀՀ սահմանադրության ընդունման 15- ամյակի առթիվ, ապա նշեց , որ հայկական սահմանադրական մտքի պատմությանը առաջին  հիշատակությանը  հանդիպում ենք  պատմիչ Մովսես  Խորենացու մոտ : Դեռևս 365 թվականին կայացած Աշտիշատի ժողովում ընդունված կանոնական որոշումները այս ուղղությամբ կատարված առաջին քայլերն էին: Կարևորելով ներկայիս  ցուցադրության ճանաչողական  նշանակությունը` Գ. Հարությունյանը  ազգային արխիվին  հանձնեց արժեքավոր գրականություն, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» ստվարածավալ գիրքը:
«Մեր սահմանադրական  միտքը բռնել է ժամանակի քննությունները: Այն միջազգային հետաքրքրության է արժանանում»,-ասաց  Գ. Հարությունյանը և ավելացրեց, -Սահմանադրությունը արժեքային համակարգ է , որը անընդհատ զարգացման մեջ է գտնվում: Լինում են նաև  բարեփոխումների անհրաժեշտություն ունեցող խնդիրները, որոնք իրենց հետագա կատարելագործումն են ստանում»:
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ  Ս. Նիկոյանը գնահատանքի խոսք  ասաց արխիվագետների կատարած  աշխատանքի մասին, հատկապես շեշտելով ցուցահանդեսի կարևոր  նպատակներից մեկը` հանրությանը և հատկապես դպրոցականներին, ուսանող երիտասարդությանը, փաստաթղթերի լեզվով ներկայացնել հայոց պետականության կայացումը,հայկական  երեք հանրապետությունների պատմությունը: Այնուհետև ներկաները մեծ հետաքրքրությամբ  դիտեցին ցուցադրված տարբեր բնույթի  փաստաթղթերը /հիմնականում` բնագրեր/: Երեք հանրապետությունների պատմությունը լուսաբանող փաստաթղթերը  ժամանակագրական դասակարգումով ներկայացված էին առանձին  ցուցափեղկերով: Նշենք դրանցից  մի քանիսը միայն. 1836 թ. Նիկոլայ 1-ին կայսերի հրամանագրով վավերացված «Պոլոժենիեն», Հայոց ազգային Սահմանադրության 1860 թ. նախագիծը և 1863 թ. Օսմանյան կառավարության հաստատած տարբերակը, սփյուռքահայ  համայնքների ներքին կյանքը կարգավորող կանոնադրություններ, որոնք կոչվում են Սահմանադրություն, Միացյալ  Հայաստանի սահմանադրության նախագիծը /30 մայիսի, 1919 թ./, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության դեկրետները` լեզվի և քաղաքացիության մասին, ՀՍԽՀ  կենտգործկոմի  նախագահության նիստերի արձանագրությունները,  ՀՍԽՀ Սահմանադրության նախագծի  օրինակները /հունվար, 1922թ./, ՀՍԽՀ դրոշի նախագծի տարբերակները, Մարտիրոս Սարյանի հեղինակած  պետական դրոշի  տարբերակները /բնօրինակներ/, ՀՀ զինանշանի հեղինակային տարբերակները, շքանշանների էսքիզներ , պետական, քաղաքական ականավոր գործիչների` Հ. Քաջազնունու, Ալ. Խատիսյանի, Ավ. Ահարոնյանի, Ա. Մանուկյանի, Ալ. Մյասնիկյանի, Ա. Խանջյանի, Ս. Կասյանի, Ս. Լուկաշինի և ուրիշների լուսանկարները: Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի վերջը և կվերաբացվի սեպտեմբերի սկզբին:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY