հայերեն русский english
Փնտրել
 





ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
2010-10-10

2010 թ. հոկտեմբերի 8-10-ը Ծաղկաձոր քաղաքում, «Պան Արմենիեն» համահայկական երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «Հայ գաղթականությունը և Հայրենիք-Սփյուռք կապերը 1918-1985 թթ. » թեմայով: Գիտաժողովի  նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի ազգային արխիվն էր: Ողջունելով ներկաներին` բացման խոսքում ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը, քննարկվող թեմայի արդիականությունը և մաղթեց հաջող ընթացք: Տեղի ունեցան երկու լիագումար նիստեր: Լսվեցին Էդուարդ Մելքոնյանի «Ներգաղթ», «Հայրենադարձություն»... դիսկուրսիվ տերմինաբանությունը  Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում», Քնարիկ Ավագյանի «Հայերի արտահոսքը ԱՄՆ  և կապը բնօրրանի հետ /սկզբնավորումից մինչև 1985թ./ », Արմեն Եղիազարյանի «Հայաստանի առաջին հանրապետության  ղեկավարությունը սփյուռքում. «Հոգևոր Հայաստան»-ի ստեղծումը», Վերժինե Սվազլյանի «Գաղթականության և հայրենաբաղձության գաղափարների արտացոլումը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ» զեկուցումները: Արմեն Բադալյանի «Հայաստան-Սփյուռք կապերի գաղափարախոսությունը» զեկուցման մեջ մասնավորապես ասված էր. «Հայաստանը, զբաղեցնելով աշխարհաքաղաքական կարևոր դիրք , իր ողջ պատմության ընթացքում հանդիսացել է ժամանակի հզոր պետությունների բախման կիզակետ, որի հետևանքով Հայաստանից մշտապես կատարվել է արտագաղթ:...Հայերը, զրկվելով  հայրենիքում ապրելու հնարավորությունից, սփռվեցին աշխարհի տարբեր երկրներում: Այսպիսով, առաջացավ գաղթաշխարհի նոր տեսակի անվանում` «Սփյուռք»: Երկրորդ լիագումար  նիստում լսվեցին Ամատունի Վիրաբյանի «1920-1930-ական թ.թ. հայրենադարձված հայ մտավորականների ճակատագիրը», Համո Սուքիասյանի «Հայաստանի խորհրդայանացումից հետո գաղթավայրերի հանդեպ պետական քաղաքականության խնդրի շուրջ /1920-1922թ.թ./ », Ավագ Հարությունյանի «Խորհրդաթուրքական սահմանի սահմանազատման պատմությունից /1973թ./» զեկուցումները: Ամփոփիչ լիագումար նիստում հանդես եկան պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանը: Ա. Վիրաբյանը նշեց, որ այս գիտաժողովի ընթացքում արծարծված թեման շատ ընդգրկուն է և դեռևս խորը ուսումնասիրման կարիք ունի: Համանման գիտաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի թելադրանքով` համոզված է ՀԱԱ տնօրենը: Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին գրքույկով:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY